top of page

«Քոչարյանի նմանները»

16 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն անդրադարձել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքին եւ, ըստ էության, հորդորել է փոխել նրա խափանման միջոցը:


«Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- այդպիսի դիրքորոշում է հայտնել կաթողիկոսը:


Ի պատասխան այդ հորդորի, կառավարությունն ի դեմս վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի, նախ՝ հրաժարվել է մեկնաբանել կաթողիկոսի բուն հայտարարությունը, ապա հիշեցրել է, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը անձնական երաշխավոր էր դարձել գործարար Սամվել Մայրապետյանի համար, իսկ վերջինս, ի հեճուկս քննչական մարմինների պահանջի, Հայաստան չի վերադարձել: Այս պատասխանում կարելի է նկատել որոշակի կշտամբանք՝ տեսեք, թե ում եք պաշտպանում:


Դե, իսկ համացանցում իշխանության ներկայացուցիչներն ու կողմնակիցներն արձագանքեցին ֆեյսբուքյան գրառումներին հատուկ ագրեսիվությամբ, ընդհուպ մինչեւ կաթողիկոսին «գործից հանելու» կոչերը: Պետք է հաշվի առնել, որ Քոչարյանին պատժելը ներկայիս իշխանության հիմնական նպատակներից է, եւ ցանկացած արարք կամ կարծիք, որը հակասում է այդ առանցքային ծրագրին, իշխանության կողմից ցավագին է ընդունվում:


Գարեգին Բ-ն, մեղմ ասած, իմ սրտի հոգեւորականը չէ: Այդ դասից ես ակնկալում եմ առանձնահատուկ համեստություն, ժուժկալություն, հստակ սահմանազատում օրվա իշխանություններից եւ նյութական մտասեւեռումներից: Ներկայիս կաթողիկոսը՝ որպես անձ, ակնհայտորեն այդպիսին չէ:


Մյուս կողմից՝ նրանք, ովքեր իրենց համարում են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, իմ կարծիքով, պարտավոր են հարգել Վեհափառի ինստիտուտը եւ իրենց քննադատությունը տեղավորել պատշաճ չափի մեջ: Ճիշտ է, անշուշտ, որ Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք Գարեգին Բ-ն չէր համարձակվի հրապարակավ աջակցություն հայտնել իշխանության՝ անազատության մեջ գտնվող հակառակորդներին: Եվ այն փաստը, որ այժմ նա չի վախենում դա անել, խոսում է այս վարչակարգի օգտին:


Ռոբերտ Քոչարյանն, առավել եւս, իմ նախընտրած քաղաքական գործիչներից չէ:


Պատկերացնում եմ, թե ինչպես նա կարձագանքեր, եթե որեւէ մեկը համարձակվեր նրան ասել, թե լավ կլիներ փոխել անազատության մեջ գտնվող որեւէ ընդդիմադիրի խափանման միջոցը, քանի որ այդ մարդու կյանքին վտանգ է սպառնում: Նա կծռեր բերանը, կլարեր իր վզի մկանները, բռունցքները կսեղմեր եւ կֆշշացներ՝ «թող սատկի»:


Բայց ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք մենք՝ Նոր Հայաստանի քաղաքացիներս, ուզում ենք լինել Քոչարյանի նմա՞ն, թե՞ Քոչարյանից լավը:


Չարիք չդառնալու միակ միջոցը դրան չնմանվելն է:


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» թերթի խմբագիր

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page