top of page

Ցավդ ահագնացավ բնօրրանիդ, տանդ կորստից հետո, և ամենակարևորը` որդուդ և ամուսնուդ շիրիմները անխնամ ու անտեր թողնելուց հետո... Հանգչես խաղաղությամբ, Բաբո

20.01.2024



Հանգչես խաղաղությամբ, Բաբո'...


Ամուսնուդ և որդուդ կորստից հետո դու դադարեցիր ապրել...

Կյանքը դադարեց գոյություն ունենալ Քեզ համար, թեկուզ 2 զավակներդ, հարսդ, փեսաներդ, 11 թոռնիկներդ ու 4 ծոռնիկներդ շարունակում էին կյանքով վարակել, կյանք ներարկել քարացած ժպիտիդ ու աշխարհի ամենաթախծոտ թվացող աչքերիդ մեջ...

Ցավդ ահագնացավ բնօրրանիդ, տանդ կորստից հետո, և...ամենակարևորը` որդուդ և ամուսնուդ շիրիմները անխնամ ու անտեր թողնելուց հետո...

-Ինչի՞ս է պետք ապրելը,-միշտ, հայացքդ հառած դեպի վեր, կրկնում էիր...

Սիրտս կհովանա միայն, երբ հասնեմ որդուս շիրիմին, երբ գնամ մեր Մարտունի, մեր տուն, մեր բոստանը...

Ամեն անգամ, տեսազանգով խոսելու ժամանակ, հարցնում էիր`

-Գալի՞ս ես գնանք Մարտունի։

-Հա', իհարկե գալիս եմ, բայց այստեղ կիսատ թողած գործեր կան, վերջացնեմ, կգնանք իրար հետ...

-Էէէէ, սիրտս չի դիմանում, ուզում եմ պատշգամբից գցել ինձ...

-Էդ ցատկելը կա ու կա, պիտի ապրենք, պայքարենք ապրելու համար, որ հասնենք մեր Մարտունի...

-Բա ե՞րբ ես գալիս Բաբոյին տեսնելու, արի, համ էլ կտեսնես Բաբոն ինչ տան է ապրում, ինչ պայմաններում, նաև Գյումրին կտեսնես. սառը, ցուրտ քաղաք է, բայց լավ տեղ է։

-Էս քանի օրը կգամ, Բաբո'։ Մի օր վատառողջ եմ, մի օր զբաղված...

-Էէ, դու էլի Բաբոյին խաբեցի՞ր։

-Չէէ', չեմ խաբում, հունվարի 8 ից հետո կգամ անպայման...

Եկա, բայց չեկա...

Եկա, բայց չհասցրի գալ, Բաբո'...Շտապեցիր...թողեցիր կիսված սրտով ու ցանկությամբ, աշխարհի ամենածանր մեղքի տակ...

Չհասցրի գալ ու վայելել Քո ձեռքերով պատրաստված ու մատուցված ամենաանմահական թեյն ու ամենահամով ապուրը։

Մի քանի օրից կլրանար 75-ամյակդ, ցանկանում էինք խոցված, բայց հավատով լցված սրտերով կազմակերպել, նշել հոբելյանական տարեդարձդ...դա էլ չհասցրինք...

Վիշտդ, որդուդ կարոտը ավելի ուժեղ էր, քան մեր` ապրելուդ համար մղվող "պայքարը"...

Մամայի հետ ամենօրյա հեռախոսազրույցիդ առաջինը "ի՞նչ կա, ո՞նց եք" հարցն էր, երկրորդը` Քեզ համար գերխնդիր ու Քեզ մտատանջող հարցը`

-Բորիկը տա՞նն է։

Մեծամասամբ հնչում էր նույն պատասխանը`

-Չէէ', Վերնիսաժում է, աշխատանքի։

-Էէ, ա'յ բալա, էդ երեխային մի' թող գնա էն սառը տեղը կանգնի, կմրսի։

-Դե', համ սիրում է իր աշխատանքը, համ էլ` եկամտի աղբյուրն է։ Ուզում է գնալ։

-Չգիտեմ, բայց հետո առողջական խնդիրներ չառաջանան...

Տատ լինելուց բացի` Դու նաև ընկեր էիր...

Աշխատանքի առումով էլ երկար ճանապարհ ունենք իրար հետ անցած. նռնաքաղ, խաղողաքաղ, դաշտային տարբեր աշխատանքներ։

Հիշում եմ` ոնց էիր ամեն անգամ սրտի ցավով, բայց մեծ ակնկալիքով հարցնում` կգա՞մ հետդ, թե՞ չէ։

Ուզում էիր` գայի, որ իրար հետ անցկացնեինք էդ մի քանի ժամը, համ էլ` գումար կվաստակեի, մյուս կողմից էլ` չէիր ուզում ֆիզիկական ծանրաբեռնվածության տակ դնեի նիհար մարմինս...

Էհ, Բաբո'...արցունքներս չեմ կարողանում զսպել, խեղդվում եմ...

Խեղդվում եմ անզորությունից, կարոտից, ցավից...

Խեղդվում եմ, որ խոստումս չհասցրի կատարել ու այցի գալ Քեզ...

Ների'ր...Ների'ր...Ների'ր...

Երբեք ոչ ոքի նեղություն չես պատճառել, հակառակը` բոլորին փորձում էիր օգնության ձեռք մեկնել, հասնել, բարձրացնել ընկածին...

Չփոխվեցիր երբեք. անգամ Մահդ հպարտորեն տարար` առանց ինչ-որ մեկին նեղություն տալու, առանց տանջելու...

Ո'չ տանջեցիր, ո'չ էլ տանջվեցիր...

Միակ սփոփանքն այն է, որ հասար որդուդ, ամուսնուդ...

Հիմա երևի հոգիդ գտավ իր անդորրն ու խաղաղությունը...

Գիտես` որքան ենք Քեզ սիրել ու սիրում...

Մի օր անպայման կհանդիպենք...


ԲՈՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page