top of page

Սեյրանուհի Գեղամյանի աշխարհը

08.10.2024, ԵՐԵՎԱՆ



Yerevan.Online-ի՝ «10 հարց հետաքրքիր մարդուն» նախագծի հյուրն անվանի մտավորական Սեյրանուհի Գեղամյանն է։


- Ո՞վ եք դուք։


- Ինչպես արդեն գիտեք, Սեյրանուհի Գեղամյանն եմ: Կրթությամբ՝ լրագրող, ավարտել եմ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Հետաքրքրություններիս շրջանակը և հոգուս մղումներն առավելաբար եղել են ստեղծագործող, հետաքրքիր մարդիկ, մշակույթը: Ամեն ինչի մեջ փնտրել եմ ստեղծագործական սկիզբ, խորք, հոգեկան շարժառիթներ... Ունեմ պատասխանատվության սուր զգացողություն բառի, խոսքի հանդեպ: Երբեք հենց այնպես չեմ գրել: Հավանաբար այդ է պատճառը, որ գրածներս, ինչպես բնորոշել են բազմաթիվ գրախոսներ, <<մնայուն արժեքներ են>>: 14 հրատարակված գրքի հեղինակ եմ, որոնցում ամփոփված են ինչպես իմ լրագրողական աշխատանքի կարևոր մասը, այնպես էլ պատմվածքներն և վիպակները, մանկապատանեկան ստեղծագործությունները և այլն: Պատմվածքներիցս թարգմանվել են ռուսերեն և արաբերեն: Աշխատել եմ տարբեր ոլորտներում՝ Սփյուռքահայության հետ մշակության կապի կոմիտե, ՀՀ առաջին նախագահի աշխատակազմ, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն, ներկայումս՝ Գրականության և արվեստի թանգարան… Այս ամենին զուգահեռ զբաղվել եմ հրատարակչական գործունեությամբ: Դա ինձ համար եղել է իսկապես հոգու գործ: Կազմել և հրատարակել եմ հայ նշանավոր արվեստագետների ու գրողների ալբոմներ ու տարբեր ժողովածուներ, ինչպես ասենք Արշիլ Գորկու <<Նամականին>>, Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների ալբոմը, սփյուռքահայ գրողների մատենաշարը, բազմաթիվ այլ գրքեր ու ալբոմներ, որոնց թվարկումը կարող է էջեր զբաղեցնել: Անշուտ, այս ամենը գնահատվել է և արժանացել եմ բազմաթիվ պարգևների: Բայց ինձ համար ամեն ինչից վեր և ամեն ինչից կարևորը՝ ընտանիքս է: Ունեմ երկու դուստր և վեց թոռ: Սիրում եմ խոհանոցս և ամուսինս ասում է, որ շատ համեղ եմ պատրաստում: Շատ եմ սիրում նաև այգիս, ծաղիկներս…

- Մանկության ո՞ր պահին առաջին անգամ զգացիք Ձեր ինքնագիտակցությունը։

- Գիտեք, ինձ թվում է, որ հենց գիտակցության հետ միաժամանակ եկել է ինքնագիտակցությունը, որովհետև ամենափոքր տարիքից իսկ ունեցել եմ արժանապատվության, արդարության ընդգծված զգացողություն: Միշտ ընդվզել եմ անարդարության դեմ, ում հանդեպ էլ, որ դա դրսևորվեր: Անշուշտ, տարիների հետ այդ զգացողություններն ավելի են սրվել և իմ կյանքում դա հաճախ ուղեփակոցի գերան է դարձել, բայց գերադասել եմ այդպես ապրել: Այնպես որ չեմ անդրադարձել, թե հատկապես որ պահին եմ առաջին անգամ ինքնագիտակցել...

- Ինչպիսի՞ն է երջանկությունը:

- Չեմ ուզում փիլիսոփայական ձևակերպումներ տալ: Կարծում եմ, հազիվ թե որևէ մեկն այս բարդ, դժվար, հակասական կյանքում անընդհատ երջանիկ զգա: Կարող են լինել երջանկության պահեր՝ սիրածդ էակի քնքշանքից, զավակիդ ուշադրությունից, ճամփորդությունից, գեղեցիկ երաժշտությունից: Երջանկության զգացումը կախված է նաև մարդու բնույթից. մեկը կարող է երջանկանալ գեղեցիկ ծաղիկներից, մեկ ուրիշն էլ՝ ասենք տասներորդ թանկարժեք ավտոմեքենան ձեռք բերելուց: Բայց, եթե ես փորձեմ տալ երջանկության իմ բանաձևը, ապա կասեմ՝ եթե կյանքում գտել ես քո տեղը, ապրում ես արժանապատիվ կյանքով, առողջ ես և առողջ են քո հարազատները, հանգիստ է խիղճդ, եթե անհրաժեշտ չափով ուշադիր ես եղել ծնողներիդ հանդեպ, կարողացել ես որևէ ձևով տուրքդ տալ հայրենիքիդ՝ ուրեմն կարող ես քեզ երջանիկ համարել…

- Ինչի՞ն չի հերիքում Ձեր համարձակությունը։

- Առհասարակ իմ բնույթով ավելի պահպանողական եմ. համարձակ չեմ անորոշ, չկշռադատված քայեր անելու, ռիսկային գործեր սկսելու մեջ, համարձակ չեմ նորությունները միանգամից վերցնելու, մրցավազքի մեջ մտնելու և նման հարցերում: Համարձակ չեմ մարդկային հանրությանը դասեր տալու, իմ տեսակետները պարտադրելու մեջ… Երբեմն ինքս ինձ մեղադրում եմ, որ անհրաժեշտ չափով համարձակ չեմ եղել պայքարելու ինձ հասանելիք տեղը գրավելու համար… Բայց, ավելի շատ հավատում եմ ճակատագրին և կարծում եմ ինչ որ լինելու է՝ կլինի…

- Որո՞նք են հայության առաջ կանգնած գլխավոր խնդիրները։

- Այս բարդ, հակասական ժամանակներում բազմաթիվ խնդիրներ կան ծառացած հայության առջև: Բայց, եթե մենք առաջնորդվենք մեկ գերագույն նպատակով, մնացած խնդրներն ավելի հեշտ լուծելի կդառնան: Եվ այդ գերագույն նպատակը հետևյալն է. Հայաստանն ամեն բանից վեր… Այս գիտակցությամբ են առաջնորդվել մեր իմաստուն նախնիները, որ կարողացել են դիմակայել բազմաթիվ արհավիրքների: Այո, մեր կյանքում կան բազում անընդունելի երևույթներ, բազում վիճելի հարցեր և կարող են լինել գաղափարական տարբեր մոտեցումներ, տեսակետներ, որոնք պետք է վեր հանվեն ու քաննադատվեն: Բայց երբեք չվնասելով ու չանտեսելով այն հավերժական ու մնայուն գաղափարը, որն ինքը՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ է…


Սեյրանուհի Գեղամյան, լուսանկարն՝ «Արմենպրեսս»-ի

- Ո՞վ է բոլոր ժամանակների մեծագույն հայը և ինչու։

- Այս հարցին ճիշտ չի լինի միանշանակ պատասխան տալ: Կարելի է առանձին-առանձին թվարկել բազմաթիվ անհատների անուններ՝ Հայկ Նահապետ, Տիգրան Մեծ, Արտաշես, Պապ և այլ քաջաբազուկ և ծանրակշիռ թագավորներ, Մեսրոպ Մաշտոց, Խորենացի, Վարդան Մամիկոնյան, Անդրանիկ Զորավար, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Վիլյամ Սարոյան, Շառլ Ազնավուր, Ալեք Մանուկյան և էլի ուրիշներ, որոնք իրենց ժամանակի, տեսակի, գործունեության ոլորտի մեջ արել են հնարավորինը՝ Հայրենիք կերտելու և պահելու, ՀԱՅ անունը իր լավագույն որակներով դրսևորելու, հայությանը մեջ ազգային արժանապատվություն ներարկելու, բոլոր հնարավոր միջոցներով ազգին սատար կանգնելու հարցում: Եվ նրանցից յուրաքանչյուրը կարող է <<մեծագույն հայ>> պատվանունը կրել: Բայց, եթե Ձեր հարցի համաձայն պիտի տամ միայն մեկի անունը, ապա կասեմ՝ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ: Իսկ թե ինչո՞ւ. որովհետև, եթե թվածներիցս յուրաքանչյուրն իր երկրին ու ազգային պատկանելությանն իր տուրքը տվել է իր ապրած ժամանակի և անշուշտ, դրան հաջորդող որոշակի ժամանակաշրջանի համար, ապա Մաշտոցի արածը հավերժության համար է, քանի եղել ու կլինի հայ ժողովուրդը:

- Ո՞ր գրքին, ֆիլմին և երգին պետք է ծանոթ լինի ամեն մարդ։

- Սա արդեն ճաշակի և նախասիրությունների հարց է: Բայց ամեն մարդ իմ կարծիքով պետք է անպայման գոնե ծանոթ լինի մարդկության ստեղծած գրքերի Գրքին՝ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ: Գիտեմ, դժվար է ամբողջովին, ծայրից-ծայր ընթերցելը, բայց ծանոթ լինել՝ պարտադիր է, այնտեղ է մարդկության լինելիության ալֆան և օմեգան, սկիզբն ու վերջը: Եվ, եթե մարդը կարողանա ապրել Աստվածաշնչյան տասը պատվիրաններով, ապա հասարակությունը բոլորովին այլ որակ ու տեսք կունենա: Երգի մասին կասեմ, որ մարդը պիտի ոչ միայն ծանոթ լինի, այլև իր հոգու մեջ կրի իր ժողովրդի երգերը՝ օրորոցայիններից մինչև ազգային և ազգագրական երգերը: Մեր օրորոցայինները բացառիկ մաքուր, ազնվացնող հատկություն ունեն: Ուրեմն, հայ մայրերն անպայման իրենց փոքրիկների համար թող երգեն մեր օրորոցայինները: Ես ինքս իմ երեխաների համար միշտ երգել եմ… Շատ կուզեի, որ հայերիս համար կենսական դառնային Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք հենց գալիս են մեր ժողովրդի մաքուր ու անաղարտ ակունքներից: Բայց, անշուշտ, դա չի նշանակում, որ դրանով պիտի սահմանափակվել: Ամեն մարդը ազատ է ունենալու իր հոգու երգը… Նույնը վերաբերում է նաև ֆիլմին, արվեստի մյուս տեսակներին: Ես ինքս դասական արվեստի երկրպագու եմ և գտնում եմ, որ ամեն մարդ գոնե ծանոթ լինելու չափ պիտի շփվի դասական արվեստներին…

- Ո՞րն է Ձեր ամենատարօրինակ տաղանդը։

- Մի քիչ անսովոր հարց է: Կարծում եմ որևէ տարօրինակ տաղանդ չունեմ: Բայց, եթե տաղանդ բառն օգտագործենք չակերտավոր, ապա կասեմ, որ թեև բազմաթիվ պատասխանատու պաշտոններ եմ զբաղեցրել, սակայն երբեք չեմ քծնել, երբեք մեջք չեմ ծռել, երբեք կեղծ չեմ ժպտացել կամ անտեղի հաճոյախոսել, իմ սրտին ոչ հաճո հանձնարարություն չեմ կատարել, իմ սկզբունքներին հակառակ չեմ գործել, կեղծ արժեքներին տուրք չեմ տվել, երեսպաշտ չեմ եղել, թույլ չեմ տվել որևէ մեկին վիրավորել իմ արժանապատվությունը… Կարո՞ղ են սրանք համարվել <<տարօրինակ տաղանդ>>, չեմ կարող ասել… Բայց, կարծեմ, մի տաղանդ իսկապես ունեմ, որ ձեռք եմ բերել ինքս ինձ մարզելով. դա ներողամտությունն է: Երբ շատ տարիներ առաջ կարդացի, թե Աստված պատվիրում է 7x77 ներել մարդուն, ես կարծես ավելի շատ ընդվզեցի՝ մտածելով, որ մարդուն կարելի է մեկ, երեկու-երեք անգամ ներել, բայց յոթ անգամ յոթանասունյո՞թ… Սակայն, տարինեի ընթացքում փորձեցի, ձգտեցի, ինձ վարժեցրի ներողամտությանը ու կամաց-կամաց դա դարձավ բնավորության գիծ, դարձավ կենսակերպ ու ես հասկացա, որ այդ կենսակերպն ավելի շատ պետք է հենց քե՛զ, այն օգնում է հեշտ տանել չարությունը, նախանձը, բացասական այլևայլ երևույթներ, որոնցով ցավոք սրտի, լեցուն է մեր կյանքը: Համոզված եմ, նրանք, ովքեր ներել չգիտեն, դառնում են իրենց իսկ ատելության զոհը…

- Ի՞նչն է Ձեզ հիասթափեցնում։

- Անկիրթ, անդաստիարակ մարդը: Բարեկրթությունը, պահվածքի, խոսքի, մարդու հետ հարաբերվելու մշակույթը բարձր արժեքներ են: Մարդու արտաքին պահվածքը չափորոշիչն է նաև նրա ներքին՝ հոգեկան որակների: Ընդհանրապես, նկատել եմ, որ անկիրթ ու անդաստիարակ են հատկապես չար մարդիկ, որոնք կարող են բոլոր մերժելի, անթուլատրելի միջոցներով ոչ միայն մարդկանց այլև բնությանը վնաս պատճառել, այդպիսիները երբեք չեն ուզում տեսնել լավը, դրականը, գեղեցիկը…Ամեն ինչ աղտոտում են, ամեն ինչի վրա կարող են ցեխ շպրտել՝ առանց խղճի խայթի: Ընդհանրապես մեր հասարակության ամենամեծ թերություններից մեկը բարեկրթության պակասն է, ինչն էլ դառնում է մեր կյանքի առաջընթացը արգելակող հիմնական պատճառներից: Ինձ համար խորապես հիասթափեցնող են նաև երեսպաշտությունը, նյութապաշտությունը, փողի պաշտամունքը, երբ մարդիկ միջոցների մեջ տարբերություն չդնելով՝ կարող են ամեն ինչի գնալ, ծախել սեփական զավակների, երկրի ու ժողովրդի ապագան… Մի խոսքով, հիասթափեցնող երևույթներ շատ կան: Բայց լավատեսությունը չպիտի կորցնել և յուրաքանչյուրս մեր չափով, առանց հոգնելու ու փնթփնթալու պիտի փորձենք մի բան շտկել, մի մոմ վառել…

- Ինչպե՞ս բացատրել հիմարին, որ նա հիմար է։

- Օ՜, դա գրեթե անօգուտ է: Եթե հիմար է, հազիվ թե հնարավոր լինի նրան հասկացնել դա: Թերևս միայն անձնական օրինակով կարելի է անհասկացողներին ինչ որ բան հասկացնել, թեև դա էլ կարող է անհնար լինել: Այս հարցում ես լավատես չեմ: Բայց, այնուամենայնիվ, համոզված եմ, որ անձնական օրինակը մեծ ուժ է, խոսքից առավել… Այնպես որ, եթե ուզում եք ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնել՝ ուրեմն փորձեք նախ և առաջ ձեր պահվածքով օրինակ ծառայել:

Comentarios


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page