top of page

Ռուսաստանի հայերի ծանր վիճակը


Ավտոբուսում մի երիտասարդ հեռախոսով խոսում էր Ռուսաստանում իր ընկերոջ կամ հարազատի հետ: Այնտեղից ասում էին, որ շինարարությունը կանգնել է, աշխատելու տեղ չկա, բայց չեն էլ կարող վերադառնալ: Շատերը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, իսկ Ռուսաստանից ռուսական անձնագրով այժմ հնարավոր չէ դուրս գալ:


Ռուսաստանում հազարավոր հայեր կորոնավիրուսի հետ կապված աննախադեպ իրավիճակի պատճառով կտրված են իրենց ընտանիքներից՝ առանց աշխատանքի ու հայրենիք վերադառնալու իրավունքի:


Դրանում չպետք է մեղադրել մարդկանց, որոնք հանուն իրենց ընտանիքների բարեկեցության ստիպված աշխատանքային միգրացիայի են մեկնել, իսկ որպեսզի ավելի հեշտ լինի աշխատելը Ռուսաստանում՝ ռուսական քաղաքացիություն են ընդունել: Ռուսաստանի կառավարությունն ու Ռոսսոտրուդնիչեստվոն այնքան են հեշտացրել քաղաքացիություն ստանալը, որ անգամ հարկ չկա վճարելու:


Կորոնավիրուսը բոլորին ստիպում է տուն վերադառնալ: Այս խնդիրն ավելի կսրվի, երբ Ռուսաստանում խստացվեն կարանտինային միջոցառումները, փակվեն ծառայության ոլորտի ձեռնարկություններն ու դադարեն շինարարական աշխատանքները: Ձեռնարկությունների մի մասը դեռ աշխատում է, բայց հայտնի չէ, թե որքան կտեւի դա:

Բանն այնքան կորոնավիրուսը չէ, որքան ռուսական տնտեսության բարդ վիճակը, որն սկսվել է նավթի գների անկումից ու ռուբլու կտրուկ արժեզրկումից: Տարվա սկզբից նավթի գինը 70 դոլարից նվազել է 25-ի, իսկ ռուբլին 65-ից բարձրացել 81 մեկ դոլարի դիմաց:


Ռուսաստանի կառավարությունն ու բիզնեսը վերաբաշխում են ծախսերը, եւ հիմա առաջնահերթ են լինելու անհետաձգելի աշխատանքները, իսկ ինչ հետաձգելու է, հետաձգում են:


Դա անպայման ազդելու է շատ հայերի գրպանի վրա, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունել եւ աշխատում են Ռուսաստանում: Նրանք կցանկանա՞ն վերադառնալ: Հայաստանում նույնպես աննախանձելի վիճակ է. կորոնավիրուսը փակում է ձեռնարկությունները, մասնագետները զգուշացնում են տնտեսական ճգաժամի մասին:

Ճգնաժամը կփոխի աշխարհի տնտեսական մատրիցան, եւ Հայաստանը, հնարավոր է, վերջապես կկարողանա ազատվել աշխատանքային միգրացիայի խնդրից: Սխեման, որը պոպուլյար էր Հայաստանում ֆինանսական շուկայի բուռն զարգացման շրջանում, ենթադրում էր պարզ հաշվեկշիռ՝ աշխատուժի արտահանում, տրանսֆերտների ստացում առանց ներդրումների, եւ պահանջարկի ապահովում աճող ներմուծման համար: Աշխատանքային միգրացիայի համար ստեղծվել են բոլոր պայմանները, այդ թվում՝ Հայաստանում փոքր բիզնեսի անապատացման միջոցով: Մարդիկ էլ հեռանում էին, քաղաքացիություն ստանում, որ օրինական աշխատեն ու հետո ռուսական թոշակ ստանան:


Այս արատավոր սխեման կփոխվի՞, եւ հայկական պետություն հոգ կտանի՞ տասնյակ հազարավոր մարդկանց համար, որոնք հաց են փնտրում օտար ափերում:


ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ ԼՐԱԳԻՐ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page