top of page

Ուժայինների կատարյալ խայտառակության օրը

16.10.2024



Երեկ ԱԺ լսումները մի փոքր բացեցին «Քաղպայմանագիր» կուսակցության վարագույրը` ի ցույց դնելով, թե ինչ է կատարվում իշխանական կուլիսներում: Ցանկացած երկրում Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան «երկխոսությանը» հրաժարականներ կհաջորդեին, հատկապես` իրավապահ մարմնի ղեկավարի դեպքում, որը երեկ մեկի փոխարեն մի քանի կոպիտ, անթույլատրելի սխալ թույլ տվեց: Նախ, պարզվեց՝ մարդկանց հետ խոսելու կուլտուրա չունի: Երկրորդ․ խորհրդարան կոչվող ինստիտուտն ու իրենց իսկ իշխանությանը չի հարգում: Երրորդ․ եթե ոտքը տրորում են, կարող է ամենաանթույլատրելի հայտարարություններն անել: Եվ չորրորդ․ սրա-նրա խնդրանքով քրեական գործեր է «ջրում», բնականաբար` նաեւ «կարում»:


Եվ մի բան էլ. ցուցադրեց, թե ինչքան անհանդուրժող, բռնկուն բնավորություն ունի: Այդ տեսարանից մի գլոբալ եւ բազում մանր հետեւություններ կարելի է անել: Նախ այն, որ չհասունացած, անկայուն պսիխիկայով, կյանքի ճանապարհ չանցած, կենսագրություն չունեցող, ղեկավար չաշխատած անփորձ մարդկանց չի կարելի փողոցից բերել եւ հսկա կառույցների ղեկավար նշանակել: Նրանց ձեռքում է հայտնվում ահռելի իշխանություն, որը նրանց շատ արագ փչացնում է, եւ նրանք իրենց տնօրինած լծակները սկսում են ի չարը գործադրել: Նման իրավիճակների մենք այս տարիներին հաճախ ենք ականատես եղել: Ասֆալտին փռելու, շինելու եւ թափ տալու մասին հայտարարություններից մինչեւ մարդկանց վրա թքել ու կենդանու պես աքացի տալ: Այդ բոլորը եւ մեր բոլոր մյուս աղետները հենց նրանից են, որ երկիր, համակարգեր կառավարելու անընդունակ մարդիկ, որոնք դեռ պետք է շատ ճանապարհ անցնեին` մինչեւ իշխանության հասնելը, միանգամից ու սկուտեղի վրա ստացան այդ իշխանությունը եւ, ինչպես ժողովուրդն է ասում` իրենց «ոտքին գցեցին»:


ArmLur.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան երեկ ԱԺ դահլիճում գրանցված սկանդալից. Քյարամյանին սադրեցին, Անդրանիկ Քոչարյանը չսաստեց, շարունակեց պրովոկացիան:


Պարզվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, երբ ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից, պատգամավոր Արփի Դավոյանի օգնականը, որը նստած էր պատգամավորի կողքին, (անհասկանալի է` ինչու) Քյարամյանի հասցեին ռեպլիկ է արել թե` «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»: Այս տհաճ արտահայտությունը լսելի է եղել ոչ միայն Քյարամյանի, այլև դահլիճում նստածների համար: Ի պատասխան` Քյարամյանն ԱԺ ամբիոնից նետեց` «Բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավոր…. Ձեր մասին է խոսքը, բա՞ն ասեցիք»։


Երբ պատգամավորն ու օգնականը վստահեցրին, թե ոչ ոք ոչ մի բան չի ասել, Քյարամյանը շարունակեց ելույթը: Բայց ակնհայտ էր, որ Արգիշտի Քյարամյանը չէր ճանաչում, թե ով էր իր ելույթի ժամանակ տհաճ ռեպլիկ արած անձը, և որ «սև շորերովը» պատգամավոր չէր:


Իսկ մեծ հաշվով պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ առաջին դեմքերով ուժային կառույցներին ԱԺ տանելը և խորհրդարանական քննարկում կազմակերպելը դարձավ բոլոր իրավապահների համար խայտառակության և ամոթի օր: Ե՛վ ՆԳ նախարարը, և՛ գլխավոր դատախազը, և՛ Քննչական ծառայությունների ղեկավարներն ու այլք հանրային դաշտում խայտառակվեցին: Շահեցին Անդրանիկ Քոչարյանն ու նրա փոքրաթիվ աջակիցները խմբակցությունից, ովքեր «հերոսական» հարցեր տվեցին ուժայինների ղեկավարներին»։


ArmLur.am-ը կապ հաստատեց Արփի Դավոյանի օգնականի հետ՝ հասկանալու, թե ինչու է նա նման բան ասել։ Ի պատասխան հարցին՝ նա նշեց, որ նման բան չի ասել։

Comments


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page