top of page

Ոստիկանները գիշերը 40 րոպե թակել են Տիգրան Խզմալյանի դուռը՝ պահանջելով հեռացնել ֆեյսբուքյան գրառումը


Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը երեկ երեկոյան Ֆեյսբուքում գրառում է կատարել և մի քանի ժամ անց՝ կեսգիշերից հետո, ոստիկանների «հյուրընկալել»: Բանն այն է, որ միջազգային վիճակագրական տվյալներ ներկայացնող worldometers-ին հղում անելով՝ նա գրել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 2 անձի վիճակը ծանր է։


Խզմալյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. Բարեկամներ՝ հակիրճ երեկվա պատահարի մասին։ Ես գրառում էի արել, բառացիորեն մեջբերելով worldometers.info համաշխարհային տեղեկատվական առցանց կայքի տվյալները թագավարակի վերաբերյալ։ Դա առաջացրեց ոմանց անառողջ (իմ համոզմամբ) ջղաձգումներ եւ մեղադրանքներ իմ հասցեին՝ խուճապ տարածելու մեջ։ Մի կին էլ ուղիղ դիմել է իր արտահայտությամբ «Պարետ Ավինյանին» ինձ պատժելու կոչով։ Գիշերվա 1:35-ին իմ դռանը թակեցին երկու ոստիկան համազգեստով եւ փոխանցեցին ինձ պահանջ՝ հեռացնել գրառումս։ Ես ասացի, որ ի գիտություն եմ ընդունում նրանց պահանջը։ Հինգ րոպե անց նրանք թակեցին նորից եւ ներկայացրեցին նոր հրաման՝ ջնջել գրառումս նրանց աչքի առաջ։ Ես ասացի, որ առանց ծանուցման նրանց այլեւս ներս չեմ թողնի եւ չեմ կատարելու անհեթեթ հրամանները, քանի որ գրառումս միջազգային պաշտոնական տվյալներից բացի ոչ մի այլ բան չի պարունակում։ Նրանք մինչեւ գիշերվա 2:15 րոպե շարունակում էին ջարդել դուրս, իրական խուճապ առաջացնելով 4-հարկանի տան բնակիչների մոտ։ 3:30 ես ստացա ֆեյսքուքով նամակ ԱԺ մի կին-պատգամավորից, որի անունը չեմ հայտնում այստեղ, քանի որ նամակը իմ փակ փոստին էր ուղարկված եւ ես չունեմ նրա թույլտվությունը հրապարակել այն։ Պատգամավորը ներողություն խնդրեց ոստիկանության սխալ գործողությունների համար եւ հորդորեց իջեցնել լարվածությունը։ Առավոտյան ինձ զանգահարեց քաղաքի ոստիկանական բաժնի պետը եւ նույնպես ներողություն հայցեց գիշերային պատահարի համար, խնդրելով այնուամենայնիվ ջնջել գրառումս, քանի որ ընթերցողներիս թիվը բավական մեծ է։ Ես բացատրեցի, որ գրառման մեջ մեջբերվում են միջազգային պաշտոնական տվյալներ, որոնք չեն հակասում նաեւ ՀՀ պաշտոնական տվյալներին, սակայն հարգելով խնդրանքը ես պատրաստ եմ այն հեռացնել։ Ափսոսում եմ, որ վարակի դեմ պայքարը տարվում է ոչ թե իրական վտանգների դեմ՝ երթուղային տրանսպորտում, խանութներում, եկեղեցիներում, այլ միանգամայն անհեթեթ առիթներով։ Հույս ունեմ, որ հանրային անդորրի միակ «թշնամին» կմնամ ես եւ զգուշության ու կարգապահության քողի տակ մենք չենք նահանջելու դեպի բռնապետություն եւ «հեղափոխության պահապանների» խունվեյբինական զավեշտ։ Առողջություն եւ համբերություն բոլորին։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page