top of page

Շուտով աշխարհում կհայտնվեն դոլարային տրիլիոներներ, հավանաբար, առաջինը նրանցից կդառնա Իլոն Մասքը

20.01.2025



Միջազգային ոչ առևտրային Oxfam կազմակերպությունը, որը մասնագիտացած է աղքատության և անհավասարության դեմ պայքարում, հրապարակել է զեկույց՝ նվիրված դոլարային միլիարդատերերի հարստության աճին, նրանց կուտակումների աղբյուրներին և աղքատների ու հարուստների միջև ավելացող ճեղքին։ «Մեդուզա»-ն ներկայացնում է զեկույցի ամենահետաքրքիր փաստերը և պատմում, թե ինչպես է կազմակերպությունն առաջարկում նվազեցնել անհավասարությունը։


Oxfam-ի զեկույցի կարևոր դրույթները


Միլիարդատերերի մասին


  • 2024 թվականին միլիարդատերերի հարստությունն աշխարհում աճել է երեք անգամ ավելի արագ, քան 2023-ին, և հասել է 15 տրիլիոն դոլարի։

  • Անցյալ տարվա ընթացքում մոլորակի վրա ավելացել է 204 միլիարդատերով՝ 2565-ից դառնալով 2769։ Դա նշանակում է մոտավորապես շաբաթական չորս նոր միլիարդատեր։

  • Յուրաքանչյուր միլիարդատերի հարստությունն օրական միջինում աճել է 2 միլիոն դոլարով։ Տասը ամենահարուստ միլիարդատերերի հարստությունն աճել է օրական 100 միլիոն դոլարով։ Եթե նրանք հանկարծ կորցնեին իրենց հարստության 99%-ը, այնուամենայնիվ միլիարդատեր կմնային։


Տրիլիոնատերերի մասին


  • Մի տարի առաջ Oxfam-ը կանխատեսում էր, որ առաջիկա 10 տարիների ընթացքում աշխարհում կհայտնվի առաջին տրիլիոնատերը։ Սակայն, եթե ամենահարուստ մարդկանց հարստությունը շարունակի աճել նույն արագությամբ, ինչպես հիմա, ապա 10 տարում աշխարհում կլինի ոչ թե մեկ, այլ հինգ տրիլիոնատեր։

  • Առաջին տրիլիոնատեր դառնալու ամենամեծ հնարավորությունները ունեն աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը Իլոն Մասկը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը և LVMH կոնցեռնի ղեկավար Բեռնար Առնոն իր ընտանիքի հետ։

  • Ներկայումս նրանցից յուրաքանչյուրի հարստությունը գնահատվում է 180 միլիարդ (Բեռնար Առնո) մինչև 400 միլիարդ դոլարից ավելի (Իլոն Մասկ)։ Ամենայն հավանականությամբ, առաջին տրիլիոնատերը կլինի Մասկը։ Oxfam-ի հաշվարկներով՝ նրան անհրաժեշտ կլինի դրա համար հինգ տարուց էլ քիչ։


Ի՞նչ է առաջարկում Oxfam-ը


Oxfam International-ի գործադիր տնօրեն Ամիտաբ Բեհարը հայտարարեց, որ «համաշխարհային տնտեսության վերահսկումը արտոնյալ փոքրամասնության կողմից հասել է այնպիսի մակարդակի, որը ժամանակին աներևակայելի էր թվում»։

Նա ընդգծեց, որ ամենահարուստ մարդիկ հարստության հետ մեկտեղ ավելացնում են նաև իրենց իշխանությունը։ «Այս օլիգարխիայի մարգարիտն է միլիարդատեր նախագահը (Դոնալդ Թրամփը), որին աջակցում և ֆինանսավորում է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, որը ղեկավարում է աշխարհի ամենամեծ տնտեսությունը»,- հավելեց Բեհարը։


Oxfam-ը առաջարկում է մի շարք քայլեր, որոնք միտված են հարստության աճող կենտրոնացմանը դիմակայելուն և անհավասարությունը նվազեցնելուն․


  • Նախ, հարկ սահմանել ամենահարուստ մարդկանց ժառանգության վրա և բարձրացնել նրանց համար նախատեսված մյուս հարկերը։

  • Երկրորդ, ապահովել, որ աշխարհի ամենահարուստ 10%-ի եկամուտները չգերազանցեն ամենաաղքատ 40%-ի եկամուտները (այս գործընթացը, ըստ Oxfam-ի, պետք է վերահսկեն կառավարությունները և միջազգային կազմակերպությունները)։

  • Երրորդ, վճարել ռեպարացիաներ այն երկրներին, որոնք նախկինում եղել են գաղութներ՝ այս վճարումները դնելով «ամենահարուստների վրա, ովքեր առավելագույն օգուտ են ստացել գաղութատիրությունից»։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page