top of page

Մինչ Ռուբեն Վարդանյանը նստած է Բաքվի բանտում, Երևանում հապշտապ վաճառում են 42%-ով նրան պատկանող «Ամերիա» բանկը՝ առհասարակ չհիշատակելով նրա անունը

23.02.2024



Վրացական Bank of Georgia Group PLC-ն («BOGG») պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական «Ամերիաբանկ»-ի (Ameriabank CJSC) բաժնետոմսերի 90%-ը, գրում է Հետքը:


Երկու բանկերն էլ տարբեր հայտարարություններով ու հաղորդագրություններով հաստատել են, որ գործարքը դեռևս պետք է հավանության արժանանա կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից։


«Ամերիաբանկի» կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանցից է Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը։


Հաշվի առնելով այն, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվի բանտում, անհասականալի է՝ արդյոք նա համաձայնություն տվե՞լ է «Ամերիաբանկ»-ում իր բաժնեմասը վաճառելու գործարքին։


«Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան «Ամերիաբանկ»-ից տեղեկացնում են, որ Ռուբեն Վարդանյանն ուղղակիորեն չի հանդիսանում «Ամերիաբանկ»-ի բաժնետեր։


«Ամերիաբանկ»-ի 48.82% բաժնետեր է «Իմաստ Գրուպ» ընկերությունը (IMAST GROUP (CY) LIMITED), որում էլ Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման:


«Բոլոր բաժնետերերը, ներառյալ Իմաստ Գրուպը, ներգրավված են եղել այս նախաձեռնության մեջ և տվել են իրենց դրական դիրքորոշումը»,- նշում են «Ամերիաբանկ»-ից։


Բանկից նաև հավաստիացնում են, որ բաժնետիրական կազմի փոփոխության հետ կապված գործընթացը սկսվել է դեռ երկու տարի առաջ։


Այս գործարքը ավարտված կհամարվի, երբ «Ամերիաբանկ»-ի և BOGG PLC-ի բաժնետերերի ընդհանուր ժողովների և ԿԲ-ի կողմից այն հաստատվի։


Գործընթացի ավարտի մասին հստակ ժամկետներ չկան, թեև «Ամերիաբանկ»-ից ակնկալում են, որ գործընթացը կարող է ամփոփվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:


Հայաստանի կենտրոնական բանկն արդեն ստացել է միջնորդություն «Ամերիաբանկ»-ում մասնակցության ձեռքբերմանը նախնական համաձայնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին «Հետք»-ին հայտնել են ԿԲ-ից։


ԿԲ-ին ուղղված նամակում հարցրել ենք՝ արդյոք Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու փաստը ԿԲ-ն որևէ կերպ հաշվի առնելու՞ է այս գործարքը հավանության արժանացնելու կամ մերժելու հարցում և հաշվի առնելով, որ Ռուբեն Վարդանյանը հանդիսանում է «Ամերիաբանկ»-ի նշանակալից մասնակից՝ արդյոք նրա համաձայնությունը պարտադիր չէ՞ բանկի բաժնետոմսերի վաճառքը կազմակերպելու համար։


Նշված երկու հարցերին ԿԲ-ն շրջանցող պատասխաններ է տվել։


Ըստ գլխավոր դրամատան՝ որպես կանոն, նմանատիպ գործարքներն ունենում են մի քանի փուլեր։ Նախևառաջ վաճառողի և գնորդի միջև նախնական մտադրության գրավոր ամրագրում է տեղի ունենում, կարգավորող և վերահսկող մարմինների կողմից նախնական համաձայնություններ են տրվում, դրան հաջորդում է գործարքի վերջնական կնքումն ու գրանցում կարգավորող և վերահսկող մարմինների կողմից։


Եվ քանի դեռ «Ամերիաբանկ»-ի վաճառքի գործընթացն այս բոլոր փուլերը չի անցել, ԿԲ-ն հրաժարվում է գործարքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ։

«Ընթացիկ փուլերում Կենտրոնական բանկին հայտնի դարձած տեղեկությունները կարող են պարունակել առևտրային ու ծառայողական գաղտնիք, և մեկնաբանությունների և տեղեկությունների տրամադրումը կարող է հանգեցնել գործարքի կողմերի նկատմամբ անաչառության սկզբունքի խաթարմանը»,- նշում են ԿԲ-ից։


Այդպիսով, ո՛չ «Ամերիաբանկ»-ը, ո՛չ էլ Կենտրոնական բանկը չեն հստակեցնում՝ արդյոք Ռուբեն Վարդանյանը որևէ կերպ հաստատե՞լ է իր համաձայնությունը «Ամերիաբանկ»-ը վաճառելու հարցում։


Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնեցին, որ «Ամերիաբանկ»-ի գործարքի հետ կապված բոլոր մանրամասները իրավասու է մեկնաբանել «Ամերիաբանկ»-ը: Ընտանիքի անդամների հետ կապվել չհաջողվեց:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page