ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նախօրեին հայտարարեց, որ այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում։ Հետո հարց ուղղեց ոստիկանապետին՝ ինչու են միայն Պոլիգրաֆը խուզարկում։
Հիշեցնենք՝ «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները խուզարկումներ էին իրականացրել և բաժին բերման ենթարկել 41 քաղաքացու, որոնցից 4-ի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ։ Համացանցում տարածված տեսանյութում ոստիկանների գործողությունները օրեր շարունակ վիճարկվեցին՝ արդյո՞ք իրավաչափ էին։
ՆԳ նախարարը պատասխանել էր՝ նախաքննությունը և ծառայողական քննություն ցույց կտան:
Աղաջանյանը հարց էր տալիս՝ ինչու են միայն որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերը խուզարկվում:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը այս դեպքով պատասխանել էր, որ իրենք օպերատիվ ստացված տվյալների հիման վրա են ռեյդեր իրականացնում, ասել է թե ապօրինի թմրաշրջանառության դեպքերը կանխվում են այնքանով որքանով՝ ըստ ստացված ահազանգերի։
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նույնպես անդրադարձել էր Հայաստանում թմրաշրջանառության ավելացման դեպքերին՝ ընդգծելով, որ միայն Հայաստանում չէ դեպքերի աճը, այլ ամբողջ աշխարհով։ Մինասյանը կարծում է՝ զբոսաշրջության, տնտեսական աճի հետևանք է․ «Միլիոններով են գալիս զբոսաշրջիկները Հայաստան, ռիսկերը աճում են, նորմալ է»։
Արդարադատության նախարարը Հայաստանի ու միջազգային փորձը համեմատել էր իրար հետ՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհում «թմրանյութի պլանտացիաներն» են ավելանում։
Մինասյանը խոստանում է, որ շուտով կտեսնենք նոր պարեկային ծառայության ազդեցությունը նաև թմրաշրջանառության դեմ պայքարի գործում։
Բարձրագույն տեխնոլոգիաների նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ հարցին արդյոք իշխանական պատգամավորի հայտարարությունը, թե խնջույքներում անպակաս է թմրանյութը, չի նպաստում ազատ շրջանառությանը, հորդորում է հարցերը ուղղել «ոլորտը ուսումնասիող մասնագետներին», տվյալն դեպքում՝ ՆԳ նախարարությանը։
Իսկ նախարարը երեկ ԱԺ-ում բարձր ամբիոնից ասաց՝ «իսկապես պատրաստ են գնալ բոլոր դեպքերի հետևից՝ առանձին-առանձին»։