top of page

Հայաստանի կոշտ հակահարվածը. Ալիևի կորուստը հայ-ադրբեջանական սահմանին

06/03/2019


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկություն Տավուշի սահմանի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի փորձի մասին: Ադրբեջանցիները հայտնել են մեկ կորստի մասին: Ըստ հայկական կողմի հաղորդագրության, դիվերսիոն փորձը կասեցվել է եւ հակառակորդը հետ է մղվել, թողնելով սպառազինություն եւ ականորսիչ սարք: Ընդ որում, ուշադրության է արժանի հանգամանքը, որ սարքը գերմանական արտադրության է:


Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտնել է նաեւ, որ վերջին օրերին ադրբեջանցիները գնդացրային կրակ են մղել սահմանապահ դիրքերի ուղղությամբ:


Ինչո՞վ է պայմանավորված Ալիեւի այդ քայլը: Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հետ քննարկմանը «դիվանագիտական հաղթանակ» տարփողած Ալիեւը դիմում է զենքի, այն էլ Հայաստանի սահմանների ուղղությամբ: Ի՞նչ հարց է նա փորձում լուծել դրանով: Թե՞ ընդամենը ծածկում է իրականում քաղաքական եւ դիվանագիտական փակուղին, որում հայտնվել է, առավել եւս Հայաստանի հռչակած «մյունխենյան սկզբունքների» պայմաններում:


Չի բացառվում, որ Ալիեւը փորձում էր իր միավորները քաղել ռուս-թուրքական լարվածությունից, կամ կատարել գուցե թուրքական հրահանգը՝ Ռուսաստանի վրա Կովկասի ուղղությամբ ճնշում բանեցնելու համար, որով Անկարան գուցե ակնկալում էր Իդլիբի հարցում կորզել անհրաժեշտ զիջումներ: Հատկանշական է, որ Ալիեւը գործնականում կրակոցների է դիմում Էրդողանի Բաքու այցին զուգահեռ, որ տեղի ունեցավ փետրվարի 25-ին: Իսկ դիվերսիոն ներթափանցման փորձը եղել է Մոսկվայում Պուտին-Էրդողան բանակցությանը զուգահեռ:


Բանակցությունն ավարտվել է պայմանականորեն «ոչ ոքի»: Թուրքիան կասեցրել է Իդլիբի հանդեպ վերահսկողության ռազմական գործողությունը, որ ռուսական աջակցությամբ մղում էր Ասադի բանակը: Մյուս կողմից, Թուրքիային կարծես թե չի հաջողվել իրավիճակը կամ դիրքային ստատուս-քվոն վերադարձնել ելման դիրք, եւ հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել այն դիրքերում, որին Ասադի բանակը հասել էր վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում:

Հատկանշական է, որ այդ ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը Էրդողանի Մոսկվա այցից առաջ Անկարա հրավիրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց հորդորելով լինել ավելի արդյունավետ եւ հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Ըստ երեւույթին Անկարան դրանով ոչ միայն փորձում էր արցախյան կամ հայ-ադրբեջանական խաղաքարտը խաղարկել Մոսկվայի բանակցությունից առաջ, այլ գոհացնել Ալիեւին, որին փաստորեն մղում էին սահմանային արկածախնդրության: Որովհետեւ, այդ արկածախնդրությունից Ադրբեջանին ըստ երեւույթին մնաց զոհը, որ ունեցել են հայկական կողմի պատասխան հարվածից:


Այս իրադարձությունների ֆոնին, Տավուշում թվում է թե «հերթական» դիվերսիայի հետմղումը գործնականում ստանում է խորհրդանշական բնույթ: Որովհետեւ ռուս-թուրքական սեղանին զոհերը «ավանդաբար» եղել են հայկական: Հայաստանը փոխում է այդ տխուր եւ ողբերգական «ավանդույթը»:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

«Լրագիր»

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page