top of page

Հայաստանը պոկվում է Ռուսաստանից. Փաշինյանը հերքում է, ՔՊ-ականները՝ հաստատում

21.05.2023

Նիկոլ Փաշինյանն ու նրա «խաղպայմանագրայինները», բանից պարզվում է, խիստ ծանր են տարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը, որ ԱՄՆ—ն հայերին կոչ էանում «քշել» ռուսներին՝ խոստանալով ապահովել անվտանգությունը:


Այն, որ ծանր են տանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր ներկայացուցիչներից մեկի՝ բազմակուսակցական Վիգեն Խաչատրյանի միջոցով: Այսպես, լրագրողների հետ զրույցում Վիգեն Խաչատրյանի անուն ազգանունով ներկայացող նիկոլփաշինյանը նշել է, թե Լավրովի հայտարարությունը լուրջ մտահոգություն է առաջացնում, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին հանկարծակիի բերել ու անակնկալ հայտարարել մեր տարածաշրջանից հեռանալու մասին: «Կարող է այդպես էլ լինել: Այսինքն մենք որևէ հեռանալու պահանջ չենք դրել: Մենք համագործակցության կողմնակից ենք: ՌԴ ԱԳ նախարարի նման հայտարարությունը մտահոգություն է առաջացնում, որ իրենք հավանաբար պատրաստվում են հեռանալ, որը մեզ համար ցանկալի չէ: Սա սադրանք է»:


Օ՜յ, հապա մի հիացեք այս՝ քաղաքական երկերեսանության ու ցինիզմի թանգարանում բարձր պատվանդանին կանգնելու արժանի կերպարով: Ով ինչից է խոսում: Բայց դա էլ ամենը չէ: Նիկոլ Փաշինյանը Վիգեն Խաչատրյանի միջոցով հարցականով ասում է նաև, թե Ռուսաստանը փորձում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մեր միջոցո՞վ լուծել: «Մենք դրա ցանկությունը չունենք: Մենք դրա համար ենք ասում՝ այդ հակասությունները մեր տարածք մի՛ բերեք, չենք ուզում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հակասությունները մեր հաշվին լուծվեն կամ զարգանան»:


Դե ինչ, իրականությանը թևանցուկ, սկսենք քամուն տալ սույն «քաղպայմանագրայինի» ստերի փետուրները, որոնց ժողովուրդը նաև բմբուլ է ասում:


Առաջինը՝ ակնհայտ փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա «քաղպայմանագրայինները» իշխանությունը վերցնելու պահից ի վեր վարում են ընդգծված հակառուսական քաղաքականություն, հետևողականորեն արել ու անում են ամեն ինչ հայ—ռուսական հարաբերությունները փչացնելու համար: Ինչ խոսք, դրան ամեն կերպ նպաստում է նաև Ռուսաստանի ընդգծված թրքասիրությունն՞ու ադրբեջանասիրությունը:


Երկրորդը՝ բացահայտ ստախոսություն է Վիգեն Խաչատրյանի միջոցով Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե իրենք Ռուսաստանին հեռանալու պահանջ չեն դնում, թե իրենք համագործակցության կողմնակից են:


Մեկ անգամ չէ, որ Փաշինյանին հարող շրջանակները բացեիբաց նման հայտարարություններ են արել, իսկ Փաշինյանի գրպանային «արտախորհրդարանական» մարդ-կուսակցություններն ամենօրյա ռեժիմով են նման ու ավելի թունդ հակառուսական հայտարարություններ անում:


Երրորդը՝ ոչ թե Ռուսաստանը, այլ հենց Հայաստանն է հանդես գալիս ՀԱՊԿ-ից առանձնանալու, ՀԱՊԿ-ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու, ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը մերժելու դիրքերից: Ինչ խոսք, մի խայտառակություն էլ ՀԱՊԿ-ի վերաբերմունքն է Հայաստանի հանդեպ:


Պուտինին Հայաստանում կալանավորելու մասին հայտարարություններն էլ որպես փաշինյանական «համագործակցության» պատկերացումների աղցանի վրա դրված մաղադանոս:


Ինչ վերաբերում է սադրանքներին, ապա սա ընդհանրապես գլուխգործոց է: Այո, այստեղ սադրանք կա: Եվ առաջին սադրիչը, կներեք, աշխարհաքաղաքակա՛ն սադրիչը հենց Նիկոլ Փաշինյանն է: Այդ նրա ջանքերի հետևանքով է, որ Հայաստանը հայտնվել է գերտերությունների աշխարհաքաղաքական բախման կետերից մեկում: Եթե Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական սադրիչ չէ, ինչո՞ւ էր «էստի համեցեք» անում եվրադիտորդներին՝ հրաշալի հասկանալով ու տեղյակ լինելով, որ դա մեր տարածքում բերելու է աշխարհաքաղաքական լարվածության աճին:


Արթուր Խայթ

«Ազգ»

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page