top of page

Հայ ժողովրդի ծագումն ու ձևավորումը մեր, ինչպես նաև հույների, վրացիների, արաբների և հրեաների աչքերով

17.06.2023

Այս հոդվածը լույս է սփռում Հայ ժողովրդի էթնոգենեզի՝ ձևավորման բարդ և երկարատև գործընթացի մասին ավանդազրուցների վրա:


Հայկական ավանդազրույց. Հայկ և Բել


Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։


Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրված շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։


Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին)։


Հունական ավանդազրույց


Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր«Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը։ Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային։ Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական տեղեկություններ, փաստեր չկան։


Վրացական ավանդազրույց


11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի«Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում։ Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին։ Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը։ Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան։ Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է,Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն։ Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ։


Արաբական ավանդություն


Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին։


Հինեբրայական (հրեական) ավանդություն


Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում։ Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին». ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և’ որպես անձնանուն, և’ որպես ցեղանուն։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page