top of page

Կոմիտասը հոգեկան հիվանդ երբևէ չի եղել. նրանից ազատվել են

Սարսափելի փաստեր հայ հանճարի կյանքի վերջին երկու տասնամյակից



27.11.2023



Մեզ երկար տարիներ «համոզել են», որ Կոմիտասը մոտ երկու տասնյակ, 19 տարի, տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ դարձել էր հանճարի մահվան պատճառը: Սակայն դա ամենևին էլ այդպես չէր։ 1991թ.- ին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց և հետագայում հերքվեց:


Փարիզի հոգեբուժարանների առաջատար մասնագետ, հոգեթերապեվտ ու հոգեվերլուծաբան, բժշկության դոկտոր Լուիզ ֆոն Հովհաննիսյանը փորձել է պարզել։ Երկար ժամանակ նրան հնարավորություն չտվեցին մոտ գալ հիվանդանոցի արխիվին անգամ, իսկ տնօրենը ասել է, որ Սողոմոն Սողոմոնյան անունով հիվանդ ընհանրապես չի եղել հիվանդանոցի արխիվներում։ Սակայն Լուիզը որոշեց ստուգել իր գործընկերոջ միջոցով։ Վերջինս այդ հիվանդանոցում էր աշխատում և Լուիզը խնդրում է նրան անձամբ ստուգել ու պարզել այդ փաստաթղթերի գոյությունը։ Գործընկերը հաստատում է, որ Կոմիտասը գտնվել է հենց այդ հիվանդանոցում, սակայն կար իրավաբանական արգելք. միայն հիվանդի ընտանիքը կարող էր դատական հետաքննություն սկսել, այլոք դա կարող էին անել հիվանդի մահից միայն 150 տարի անց։


Լուիզը ապացուցում է, որ Կոմիտասը ընտանիք ու ժառանգներ չի ունեցել: Միակ ատյանը, որ կարող էր թույլ տալ՝ հայ առաքելական եկեղեցին էր:

Լուիզը նամակով խնդրում է կաթողիկոս Վազգեն Առաջինին` թույլ տալ գիտական քննությունն անցկացնել։


50-ամյա լռությունից հետո 1985թ. Վազգեն Առաջինի և Ֆրանսիայի արխիվային փաստաթղթերի նախարարի շնորհիվ Կոմիտասի հիվանդության պատմությունը թույլ են տալիս դուրս բերել արխիվից: Առաջ են գալիս քսանից ավելի հարցեր, որոնց պատասխանը ոչ ոք չի կարողանում տալ։ Երկար ուսումնասիրությունից հետո Ֆոն Հովհաննիսյանը գրում է դակտորական։ Նա ատենախոսություն է պաշտպանում Փարիզի գիտությունների ակադեմիայում, որ

Կոմիտասը երբեք հոգեկան հիվանդ չի եղել ու չի տառապել շիզոֆրենիայով:

Երբ Կոմիտասը 8 այլ գործիչների հետ վերադարձվեց Թուրքիայի հարավի աքսորից, բարոյապես էր միայն ընկճված, նա ոչ մի հիվանդագին ախտանիշ չի ունեցել:


19 տարի Կոմիտասը անցկացրեց հոգեբուժարանում որպես հոգեկան հիվանդ, սակայն շիզոֆրենիա ախտորոշումը նրա պարագայում չի եղել:


Երկու անգամ թե՛ Փարիզում, և թե՛ Պոլսում նրան հիվանդանոց տեղափոխել են խաբեությամբ: Կոտորածից հետո նա դարձել էր թուրք բժշկի հիվանդը, լոկ այս փաստն արդեն պետք է էլ ավելի վատացներ նրա վիճակը, միթե նա եղեռնի մասին պիտի խոսեր թուրքերի հետ, որոնք նրան անընդհատ անհասկանալի հոգեմետ դեղեր էին տալիս, մինչդեռ Եվրոպայում նման դեպքերում օգտվում էին հոգեթերապևտիկ և հոգեվերլուծական մեթոդներից:


Հիվանդության պատմության մեջ ուշադրություն են գրավում սխալ փաստերը, մասնավորապես ասվում է, որ Կոմիտասը 1 անգամ բուժվել է Թուրքիայի և Ռուսաստանի /երևի նկատի ունեն Արևելահայաստանը/ տարբեր բուժարաններում և առաջին անգամ ընդուվել է հոգեբուժարան 1898թ., սա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև այդ ժամանակահատվածում Կոմիտասը Եվրոպայում ստանում էր երաժշտական կրթություն, և դատելով նրա նամակներից` նա երջանիկ էր:


Բանն այն է, որ հոգեբուժարան տեղափոխելիս հիվանդն արդեն 48 տարեկան էր, իսկ շիզոֆրենիան գործնականորեն երբեք չի զարգանում այդքան մեծ տարիքում: Կոմիտասին հոգեբուժարան տեղափոխելու և կեղծ ախտորոշումն արդարացնելու համար շատ փաստեր են կեղծվել: Կոմիտասի վարքագծի դրսևորումներից մեկը նրա լռությունն էր: Այդ լռությունը հիվանդության ախտանշան չէր ամենևին։ Նրա լռությունը միտումնավոր էր, ինչի՞ց պիտի խոսեր նա թուրք բժշկի հետ։ Կա նաև ապացույց, որ նա խոսել է, և լռությունը միտումնավոր է եղել, քանի որ նա խոսել է իրեն հիվանդանոց այցելած միակ մարդու՝ Փանոս Թերլեմեզյանի հետ։ (Զրույցի մանրամասն բովանդակությունը կթողնեմ մեկնաբանության բաժնում)։ Բացի այդ Կոմիտասի լռությունը պայմանավորված էր նաև լեզու չիմանալու հանգամանքով։ Նա շատ վատ էր տիրապետում ֆրանսերենին, և եթե յուրաքանչյուր մարդ էլ նրա փոխարեն լիներ, նույն վիճակում կհայտնվեր, կլռեր։ Ում էլ որ մեկուսացնեին, ով էլ որ բացարձակապես հնարավորություն չունենար ազատ խոսել օտար լեզվով, պարզ է, որ պարզապես կլռեր։


Օգնության կոմիտեն հրահանգել էր ոչ մեկին թույլ չտալ այցելել Կոմիտասին: Այս փաստը Լուիզին խորհելու առիթ տվեց: Ինչ իրավունքով և ինչից էին վախենում կոմիտեի անդամները, եթե իրոք համոզված էին, որ վարդապետը հոգեկան հիվանդ է: Ջանադրաբար ուսումնասիրելով փաստերը` Լուիզը ախտորոշեց Կոմիտասի հիվանդությունը որպես հետվնասվածքային խեղում, որը կարելի էր բուժել՝ վերադարձնելով նրան բնականոն միջավայր, կյանքի սովորական ռիթմին:


Կոմիտասի մահվան պատճառը ոտքի փտախտն էր: Հոգեբուժարանում հիվանդներին տալիս էին կոպիտ փայտե կոշիկներ։ Կոմիտասի ոտքը այնքան է հարել այդ կոշտ կոշիկին,որ աջ ոտքի կրունկի մասը ստացել է խորը վնասվածք, որից և հետագայում Կոմիտասը ստացել է արյան վարակ:


Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Կոմիտասի հիվանդասենյակ նրա կյանքի վերջին ութ տարիների ընթացքում ոչ մի բժիշկ չի մտել։ Դուք արդեն պատկերացրեք՝ ի՞նչ հոգեկան հիվանդ էր, որի մոտ ութ տարի բժիշկ չի մտնում։


Կոմիտասին վերացնելը այնքան էլ հեշտ չէր, և Եվրոպայում նա շատ հայտնի անուն էր: 20-րդ դարի սկզբին նա ամենահայտնի հայն էր Եվրոպայում, և եթե նա խոսեր թուրքերի վայրագությունների մասին,դա կունենար ռումբի պայթյունի ազդեցություն: Խելագարության անվան տակ Կոմիտասին հոգեբուժարանում փակելը և հոգեմետ դեղերով նրա ակտիվությունը ընկճելը խնդրի ամենալավ լուծումն էր:


Ըստ Լիլիթ ԵՓՐԵՄՅԱՆԻ

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page