28.07.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների, Նկարիչների միության, Ազգային պատկերասրահի ներկայացուցիչներ:
«Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող և առավելապես «Բանվորի արձան» անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Հարությունյանը հանձնարարել է քանդակի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպել։
Նրանք, ովքեր ապրել են խորհրդային ժամանակներում, կվկայեն, որ ԽՍՀՄ-ում մեծ դեր էր հատկացված, շատ էր կարևորվում սիմվոլիզմը, որ համապատասխանում էր թե՛ պաշտոնական գաղափարախոսությանը, թե՛ շատ դեպքերում նաև այն իրականությանը, որում ապրում էին ԽՍՀՄ քաղաքացիները: «Բանվորի արձանը» այդ շրջանի գործ ու գաղափար է, որն արտացոլում էր այն ժամանակվա իրողությունները՝ սոցիալիստական աշխատանքի ու աշխատավորի հանդեպ պետության վերաբերմունքը, նպատակը, որի ուղղությամբ ընթանում էր երկիրը: