11 ապրիլի 2020, ԵՐԵՎԱՆ
Այս տարի ապրիլի 24-ին սահմանափակվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները, մասնավորապես, քաղաքացիներին չի թույլատրվելու այցելել Եղեռնի զոհերի հուշահամալիր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 24-ին տեղի կունենա միայն արարողակարգային մասը, նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ին և 9-ին:
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք ունենք հիշատակի և տոն օրեր` ապրիլի 24-ը, Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը։ Այս միջոցառումներին քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի։
Եթե մենք թույլ տանք, որ մասնակցությունը լինի սովորական ընթացակարգով, ապա կունենանք կորոնավիրուսի համավարակի անվերահսկելի բռնկում։ Ապրիլի 24-ին, մայիսի 8-ին և 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը քաղաքացիներին խնդրեց ըմբռնումով մոտենալ այս որոշումներին։