09.06.2020, ԵՐԵՎԱՆ
«Նախկինում արված հայտարարություններին որեւէ ավելացնելու բան չունենք, առավել քան հստակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։ Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կուսակցության նախագահի գլխավորությամբ, որեւէ հրատապության ռեժիմում որեւէ բան չի իրականացվում», ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո հայտարարել է կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Բարգավաճ Հայաստանն արդեն մի քանի օր հանրային մեծ ուշադրության կենտրոնում է, այն բանից հետո, երբ կուսակցության նախագահը հայտարարեց կառավարության 100 տոկոսի հրաժարական պահանջելու մասին:
Անմիջապես ուշադրության էր արժանանում այն, որ ԲՀԿ նախագահը օգտագործում էր «կառավարության 100 տոկոս», բայց ոչ «վարչապետ» արտահայտությունը: Սահմանադրության համաձայն՝ վարչապետը կառավարության մաս է, ըստ այդմ, եթե ասվում է կառավարության 100 տոկոս, ուրեմն դա նշանակում է նաեւ վարչապետ: Ուրեմն ինչու՞ է ԲՀԿ նախագահը եւ ԲՀԿ-ն խուսափում «վարչապետի հրաժարական» արտահայտությունից, ո՞րն է այդ զգուշության կամ «պոլիտկոռեկտության» պատճառը:
Արդյոք ԲՀԿ նախագահից պահանջվել է հրաժարական բառը, իսկ մնացյալ ձեւակերպումներում եղել է փոխզիջում: Այդ իմաստով հատկանշական է այն, թե ինչ է ասում ԲՀԿ քաղխորհրդից հետո կուսակցության խոսնակը՝ «կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով»:
Ինչ է ստացվում, ԲՀԿ նախագահն այլեւս չի՞ պահանջում 100 տոկոսի հրաժարական, այլ խոսում է աշխատանքը 100 տոկոսով ձախողելու եւ «նաեւ հրաժարականի տեսքո՞վ» փոփոխության մասին: Որովհետեւ դրանք տարբեր բաներ են՝ կառավարության 100 տոկոսի հրաժարական, եւ աշխատանքի 100 տոկոսի ձախողում ու նաեւ հրաժարական:
Հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը հունիսի 8-ին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ապաքինումը կորոնավիրուսից եւ ուժային բլոկի փաթեթային փոփոխությունը: Միաժամանակ, Փաշինյանը հայտարարեց, թե կան ուժեր, որոնք դե ֆակտո պատմության աղբամանում են, եւ եթե չեն հասկանում այդ փաստը, ապա կհասկացնեն եւ դե յուրե կուղարկեն պատմության աղբաման:
Ծառուկյանը վարչապետի հրաժարական չէր ասել, վարչապետն էլ չի ասում Ծառուկյան: Ինչու, միմյանց հասկանում են առանց խոսքի՞, թե՞ համարում են, որ հասարակությունն է ամեն ինչ հասկանում առանց անունների էլ:
Ծառուկյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց ուժային բլոկի երեք առանցքային ներկայացուցիչների: Իհարկե, ֆորմալ առիթը կամ պատճառը ԳՇ պետի որդու հարսանիքն էր, որին մասնակցել էին նաեւ ԱԱԾ պետն ու ոստիկանապետը: Բայց, առաջանում է հարց՝ երեքից որեւէ մեկը համարժեք չէ՞ր, հասկանալու համար, որ դա արհամարհանք է վարչապետի հասցեին: Թե՞ հարսանիքն էլ, Ծառուկյանի հրաժարականի պահանջն էլ հնչեցին ճիշտ պահին, ճիշտ տեղում, ապահովելով ուժային բլոկի փաթեթային փոփոխությունը, որը վարչապետ Փաշինյանը պատրաստում էր գուցե որոշակի ժամանակ:
Ըստ այդմ, Ծառուկյանն արեց իր գործը՝ կամա, թե ակամա, նա կանգ է առնում այնտեղ, որտեղ արել է: Առավել եւս, որ կանգ է առնում մի տեղ, ուր իհարկե շատ հեռու է վարչապետից, բայց իրենից շատ հեռու է թողել նաեւ այն քաղաքական սեգմենտին, որը էքզիստենցիալ խնդիր ունի՝ քանի կա Ծառուկյանը՝ շրջանցել կամ կլանել նրան, վարչապետի ճանապարհին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրի մեկնաբան