09.11.2024
ՔՈՓ29-ի մոտենալուն զուգընթաց մասնակիցների ու հյուրերի ցանկից հերթով դուրս են մնում բարձրակարգ քաղաքական առաջնորդները, ինչը, բնականաբար, մեծ հիասթափություն է առաջացնում Ադրբեջանում։ Գործնականում ՄԱԿ-ի համաժողովի «գնացուցակում» այլևս նման բարձրաստիճան առաջնորդներ չեն մնացել՝ Պուտին, Մակրոն, Մոդի, Կառլ III, Շոլց, Պեզեշկյան... Սի Ցզինպինի ու Բայդենի (2025-ի հունվարի 20-ը դեռևս ԱՄՆ-ի նախագահ) մասին էլ չարժե խոսել։
Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովը անտեսել է անգամ այսպես կոչված ադրբեջանասեր Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ պատճառաբանելով, թե իրենք գործեր ունի տանը՝ Եվրահանձնաժողովում:
ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ տարբեր փորձագետների կողմից մեկնաբանվում են տարբեր կերպ։ Օրինակ, Մակրոնն, ամենայն հավանականությամբ, հրաժարվել է, հաշվի առնելով Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև վերջին 2-3 տարվա լարված հարաբերությունները։ Սի Ցզինպինը երբեք չի մեկնում Չինաստանից, եթե դրա համար խիստ անհրաժեշտություն չկա։ Ավելին, կլիմայական համաժողովը լիովին հակասում է չինական տնտեսական քաղաքականությանը, քանի որ այնտեղ մշտապես քննադատում են Չինաստանը՝ արդյունաբերական թափոններով համաշխարհային բնապահպանական աղտոտում կատարելու համար։
Բայդենն էլ, ով այժմ «կաղ բադի» կարգավիճակում է, հիմա այնքան զբաղված է, որ ժամանակ չունի Բաքու մեկնելու, քանի որ իր մնացած բանականությունը կենտրոնացած է Թրամփի վրեժից խուսափելու վրա։ Ինչ վերաբերում է Պուտինին, ապա նա խուսափել է մասնակցելուց, երևի թե՝ մյուս առաջնորդներին չվախեցնելու և վերջնականապես չփչացնելու համար «ընկեր» Ալիևի տոնական տրամադրությունը։
Արդարության համար հարկ է նշել, որ տարբեր ծայրերից համաժողովին մասնակցելու պատրաստ քաղաքական առաջնորդների թիվը դեռևս նշանակալի է։ Լուրերի համաձայն՝ խոսքը մոտ հարյուր առաջնորդների մասին է, ինչը բավականին լուրջ թիվ է։ Սակայն, ևս մեկ անգամ կրկնենք՝ դա բոլորովին չի արդարացնում Ալիևի սպասումները՝ մասնակիցների ներկայացուցչական կշռի առումով։ Քանի որ Ադրբեջանի նախագահի համար շատ տարբեր է՝ Բաքվի ծովափին միասին քայլել հզոր Սի Ցզինպինի կամ Նորին Մեծություն Կառլ III-ի հետ, քան փորձել ցույց տալ, որ Մոզամբիկի նախագահի մասնակցությունը հանդիսանում է Ադրբեջանի միջազգային կշռի աճի կարևոր ապացույց։
Ալիևի համար հյուրերի մեծ թիվն, անշուշտ, շատ լավ է, բայց վատ է, որ այդ քանակը մեծ ազդեցություն չունի որակի վրա։ Դա ոչ միայն տխրեցնում, այլև բավականին անհանգստացնում է նրան։ Վերջին հաշվով, նա այնքան էր հույսը դրել միջոցառման կատարյալ կազմակերպմամբ իր միջազգային հեղինակության «մաքրազերծման» վրա։
Ով, եթե ոչ բարձրագույն առաջնորդներն իրենց միասնական ներկայությամբ պետք է ապահովեին այս «քիմմաքրումը» ալիևյան ռեժիմին, միաժամանակ նրան տալով ցանկալի տոմս «ընտրյալների ակումբում», որոնց կարծիքին աշխարհը ականջալուր է, անկախ նրանից՝ տվյալ երկիրը միջուկային զինանոց ունի՞, թե՞ տրիլիոնանոց բյուջե։ Չէ՞ որ Ալիևի փառասիրությունն ու մեծամտությունը, գումարած Մեհրիբանի ամբիցիաները, չափ ու սահման չունեն։
Այժմ նա բավարար հիմքեր ունի կասկածելու, որ աշխարհի «հզորներն» պարզապես չեն ցանկանում կապվել Ադրբեջանի հետ։ Սկսում է տպավորություն ստեղծվել, թե աշխարհի բարձրագույն առաջնորդները ալիևյան ռեժիմը համարում են թունավոր և հնարավորության դեպքում խուսափում են նրանից՝ ասես խոսքը ինչ-որ գաղտնի դավադրության մասին է։ Եվ, հավանաբար, սուլթանությունը ավելի լավ կլիներ մտածեր նման վարքագծի հնարավոր բացասական հետևանքների մասին, քան շարունակեր երազել միջազգային քաղաքականության «սրահում» պատվավոր տեղ զբաղեցնելու մասին։
Ակնհայտ է, որ ՔՈՓ29-ը, այսպես թե այնպես, աստիճանաբար կորցնում է միջազգային հետաքրքրությունը, թեև միջոցառումը փառահեղ կերպով ներկայացվել էր ալիևյան քարոզչամեքենայով։ Բայց Բաքուն, այնուամենայնիվ, ամեն ջանք գործադրելու է այս միջոցառումից՝ չորացած կիտրոնից, քամել առավելագույնս օգտակար «հյութեր»։
Խոսքն առաջին հերթին Ադրբեջանի ներքաղաքական դաշտում համաժողովի կարևորության մասին է։ Ալիևը կաներ ամեն բան՝ իր հպատակներին համոզելու համար, որ ինքը խոշոր կալիբրի համաշխարհային առաջնորդ է, որի իշխանությունը աշխարհում երբեք չի եղել այսքան հեղինակավոր, հետևաբար՝ ռեժիմի փոփոխության որևէ նախադրյալ չկա։ Եվ այդպիսի նախադրյալներ չեն կարող լինել ոչ կոռուպցիան, ոչ սոցիալական աղետալի վիճակը, ոչ էլ երկրի լիակատար բնապահպանական քայքայումը, որն ապրում է նավթագազային գարշահոտի մեջ և անհանգստանում է արագ նվազող Կասպից ծովի համար։
Գլխավորն այն է, որ Մոզամբիկի կամ Հունգարիայի նախագահը կհարվածի սուլթանին ուսին և կասի, որ ադրբեջանական ժողովուրդը աշխարհի ամենահաջողակն ու երջանիկն է, քանզի ունի նման մեծ ազգային առաջնորդ։