ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3
FlyONE Armenia-ն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Թուրքիան կրկին փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերության համար։ FlyONE-ը, «Հետքի» հաղորդմամբ, ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի և մոլդովական «Fly One» ավիաընկերության համատեղ բիզնեսն է․ Սուքիասյաններն անվանապես ներկայացված չեն ընկերությունում։
Ստեղծված իրավիճակի հետևանքով՝ ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Երևան- Փարիզ- Երևան ուղղությամբ չվերթը․ «հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
Չեղարկման առաջին դեպքը Անկարայում ավիացիայի աղբյուրներից սկզբնապես մեկնաբանել էին որպես ՀՀ կողմից տեխնիկական անփութություն, իբրև Հայաստանը թռիչքներ իրականացնելու համար նախապես հայտ չէր ներկայացրել։
Երկրորդ անգամ Թուրքիան ավելի մասնավորեցրեց փակելու առիթը՝ քաղաքական մեկնաբանություն տալով․ օդային տարածքը փակելու պատճառը «Նեմեսիսի» արձանն էր, որ չէր կարող անտարբեր թողնել երկրին․ «Թուրքիան անկեղծ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր ցանկության մեջ, սակայն «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Հայաստանում անընդունելի է։ Ես դա չեմ կարող ընդունել»,- ասել էր Չավուշօղլուն։
Ի դեպ, մայիսի 1-ին, դեպքից երկու օր անց, ժամը 00:55-ին նախատեսված էր Երևան-Ստամբուլը չվերթը, որը չչեղարկվեց։
«Թուրքական կողմը միայն արգելում է իր օդային տարածքով այլ երկրներ թռչելը, դեպի Ստամբուլ չվերթները չեղարկված չեն»,- մեկնաբանել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ Էրդողանի գրասենյակը նույնպես մեկնաբանել է Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը.
Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու փաստը՝ «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը անվանելով «Թուրքիայի պատմական հիշողությանը հակասող»․
«Չէր կարելի սպասել, որ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող գործողությունը և մեզ ցեղասպանության մեջ մեղադրելը անպատասխան կմնա: Դա հանգեցրեց օդային տարածքի փակմանը»,- ասել է նա: