top of page

Թուրքը չկարողացավ, բայց հայի ձեռքը չդողաց. Մհեր Խաչատրյանի հիշատակին

14.06.2024



2024 թվականի հունիսի 13-ի գիշերը Երևանի Նորագավիթ թաղամասում ճակատագրական է դարձել. ժամը 00:45-ին սուպերմարկետներից մեկի մոտ հայտնաբերվել է երիտասարդի դի, ում կյանքը կարճել են հրազենային վնասվածքներից։


Երիտասարդը, ում հարեւաններն ու ծանոթները նկարագրում էին որպես համեստ ու պարկեշտ անձնավորություն, ողբերգական հանգամանքների զոհ դարձավ։


հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով:


Նախնական տվյալներով՝ Նորագավիթ թաղամասի անչափահաս, 2006թ. ծնված բնակիչը հորը պատկանող «Լադա 21114» մակնիշի ավտոմեքենայով նույն թաղամասում արագ վարելու հարցի շուրջ դիտողության է արժանացել Մ.Խ.-ի կողմից, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել է հորը, ով իր հերթին, պարզաբանումներ կատարելու նպատակով, զանգահարել է Մ.Խ.-ին ու պայմանավորվել հանդիպել, որին պատանու հայրը գնացել է ընկերոջ հետ:


Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել թաղամասում գործող սուպերմարկետի մոտ, վիճաբանություն է ծագել, որի ընթացքում պատանու հայրը բռունցքով հարվածել է Մ.Խ.-ի դեմքին: Այնուհետև, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձինք, ինքնաձիգից և ատրճանակից կրակահերթ են արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:


Մհերը պարզապես համեստ ու լուռ տղա չէր. նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, որտեղ ցուցադրել է իր լավագույն կողմերը։ Համարձակ ու անշահախնդիր՝ նա չէր վախենում ամենավտանգավոր դիրքերից և հրաժարվում էր աշխատավարձից, ինչն էլ արժանանում էր ընկերների հարգանքին։


Այս գործը պետք է լուրջ հանրային քննարկման առարկա դառնա։ Ինչպիսի՞ կրթություն են ստանում մեր երեխաները: Ինչու՞ են մեզանում ծաղկում գողական բարքերը, տգիտությունն ու անպատժելիությունը։ Պետք է քննադատաբար մտածել այս հարցերի շուրջ և աշխատել իրավիճակը փոխելու ուղղությամբ։


Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր խնդիրները, սակայն նման ողբերգությունները ընդգծում են մեր մեջ հիմնարար փոփոխությունների անհրաժեշտությունը:


Երիտասարդների դաստիարակությունը պետք է հիմնված լինի հարգանքի, բարության և պատասխանատվության սկզբունքների վրա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նման դեպքերը դառնան նորմ։


Մհեր Խաչատրյանն ավելի լավ ճակատագրի էր արժանի. նրա հիշատակը պետք է դառնա այն խորհրդանիշը, ինչի համար մենք պետք է պայքարենք՝ արդարության, հարգանքի և խաղաղության։ Թող նրա ողբերգական մահը հիշեցնի, որ մենք պետք է աշխատենք բարելավելու մեր հասարակությունը, որպեսզի նման ողբերգություններ չկրկնվեն:


Բառերը չեն կարող արտահայտել այս կորստի ցավը։ Մենք պետք է հիշենք նրան և ամեն ինչ անենք, որպեսզի նման իրադարձություններ չկրկնվեն։

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page