20.06.2023
Էրատո թագուհի Արտաշեսյան. Մեծ Հայքի թագուհի, ծննդյան և մահվան թվերը, ցավոք, անհայտ են, անհայտ է նաև նրա ծնվելու կոնկրետ վայրը: Եղել է Արտաշեսյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը, Տիգրան 3-րդի դուստրը և Տիգրան 4-րդի քույրը:
Կից ներկայացված թագուհու պատկերը վերականգնված է ըստ Էրատոյի և եղբոր՝ Տիգրան 4-րդի համատեղ արծաթյա դրամի, որի մի կողմում պատկերված է Տիգրան 4-րդը, իսկ դրամի դարձ երեսին պատկերված է քույրը՝ «Էրատո թագուհի հայոց» մակագրությամբ:
Անտարակույս հարցեր են առաջանում, թե ո՞րն էր եղբոր հետ միասին Էրատոյին գահին բարձրացնելու նպատակը, ենթադրությունները թույլ են տալիս հասկանալու, որ դրա պատճառներից մեկը ամենայն հավանականությամբ Էրատոյի ղեկավարելու ընդունակություններն են եղել և եղբորն ամեն հարցում սատար կանգնելու պատրաստակամությունը: Ցավոք Էրատոյի գահակալման մասին մեզ շատ քիչ տեղեկություներ են հասել, իսկ հասած տեղեկություններն էլ կցկտուր են և ամբողջությամն չեն բնութագրում թագուհու կերպարը:
Էրատոյի գահակալման շրջանն անչափ հակասական և բարդ էր Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության համար: Մի կողմից աշխարհակալ Հռոմ, մյուս կողմից՝ Պարթևստան, հայոց գահակալներն ի դեմս Տիգրան 3-րդ-ի, ապա՝ նաև ի դեմս նրա որդու և դստեր՝ Էրատոյի ու Տիգրան 4-րդի նպատակ ունեին զերծ պահելու թագավորությունը վերահաս կործանումից:
Դժվարությունները հաջորդում էին մեկը մյուսին արդյունքում Հռոմի աշխարհակալական նկրտումներին վերջ չկար: Օգոստոս կայսրը՝ չբավարարվելով Արտաշես 2-րդի սպանությամբ, մ.թ.ա. 5թ. գահընկեց արեց Տիգրան 4-րդին և գահին բարձրացրեց նրա հռոմեասեր հորեղբորը՝ Արտավազդ 3-րդին, սակայն հայոց ավագանին չհանդուրժեց և վերստին գահի վրա վերականգնվեց Տիգրան 4-րդը, գահ բարձրացավ նաև Էրատոն: Էրատոն և Տիգրանը միասին կառավարեցին մ.թ.ա. 2-1թթ: Մթ.1թ.-ին Հայաստան ներխուժած հյուսիսային լեռանականների դեմ մղված ճակատամարտում Տիգրան 4-րդը զոհվեց, իսկ Էրատոն հրաժարվեց գահից, սակայն սա դեռ վերջը չէր: Էրատոն մեկ անգամ էլ գահակալեց 6-12թթ:
Այս անգամ նա գահակալեց միանձնյա՝ որպես վերջին Արտաշեսյան: Սակայն խառնակ այս ժամանակներում նրան այդպես էլ չհաջողվեց թագավորությունը փրկել, քանի որ այլևս Արտաշեսյան արական ներկայացուցիչ չկար, Էրատոն իրավմամբ վերջինն էր և նրա զավակները չէին կարող Արտաշեսյան համարվել: