Երբ 1901 թվականին Երվանդ Օտյանը Փարիզում սկսեց տպագրել իր առաջին ամսագիրը, նախաբանում հստակեցրեց դրա հիմնական առաքելությունը՝ «մեր ծիծաղը կամ զայրույթը լսելի ընել վախկոտ իրավախոհություններու, գաճաճ վախերու, տխմար զգուշավորություններու, լիրբ լռություններու ու ընդոստող ապուշ հավակնություններու մեջտեղ»։ Հաջորդ տարի Եգիպտոսում վերսկսելով հրատարակությունը, վերահաստատում է իր հավատամքը՝ «անհաճո ըլլալ» շատ շատերի համար. «Ա՜հ, գերագույն երանությունը անհաճո ըլլալու բոլոր անոնց՝ որոնք կարհամարհես։ Քու մտավորականի բարձրութենեդ դիտել ոտքիդ տակ գալարվող ամբարտավան ոչնչություններու վիրահար ծամածռությունները, խնդալ ու անցնել...»։
Երվանդ Օտյան լրագրողը, հրապարակախոսը, երգիծաբանը, հասարակական գործիչը երբեք չդավաճանեց իր սկզբունքներին, չընթարկվեց ճնշումների, չընկճվեց շարունակական հալածանքից, այլ կարողացավ նյութական անբարենպաստ պայմաններում հարատեւ ստեղծագործել՝ մնալով «անհաճո» բազում անձանց եւ երեւույթների համար։ Եվ օտյանական նրբին հեգնանքի ու անխնա ծաղրի թիրախը ընդգրկուն է՝ «կեղծ փրկիչներ», «օճառի պղպջակներե շինված համբավներ», ինքնահավան պոռոտախոսներ, «անկեղծության աճպարարներ», սուտ բարերարներ, «գողությամբ պարկեշտացած ազնվաշուքներ», «հոխորտաբար հղփացող աղտոտ մենծ աղաներ», սեփական լեզուն արհամարհող «ալաֆրանկա» հայեր եւ այլն։
Օտյանը բնավ էլ լոկ վերացականորեն չի խոսում, այլեւ, հարկ եղած դեպքում, նաեւ անուններ նշելով, այլ կերպ ասած՝ ընդհանրական կերպարներ ստեղծող երգիծաբանը տեղը զիջում է բացահայտ թիրախներ խոցող հրապարակախոսին։ Ինքն էլ բացատրել է 1910 թ. մի հոդվածում. «Մեր կռիվը ստության, կեղծիքի, շահագործության, խաբեբայության դեմ է. եւ եթե անձերով կզբաղինք, հաճախ պատճառը այն է, որ այդ անձերեն ամեն մեկը իր մեջ կը մարմնավորե ստության, կեղծիքի, շահագործության կամ խաբեբայության այլազան երեւույթներեն մեկը»։
Ավելին, հռչակված սկզբունքներն իրականացնել՝ նշանակում է հանրային կյանքում ամենաիսկական հեղափոխություն կատարել, ահա թե ինչու մեծ գրողն ու հասարակական գործիչը խլում է «հեղափոխություն» բառը դրա վեհ իմաստն աղավաղողներից եւ իր ու համակիրների անունից շիփ—շիտակ հայտարարում. «Մենք հեղափոխականներ ենք, բայց հեղափոխությունը մեզի գործ կամ արհեստ չենք ըրած, այսինքն զուտ գաղափարային հեղափոխականներ, որոնք.... անկախորեն ու տիրաբար իրենց սկզբունքները կը քարոզեն»։
Երվանդ Օտյանի բոլոր գործերում քիչ չկան նաեւ լուսավոր, ազնիվ, առաքինի, իսկապես գաղափարական անձինք, ազգանվեր գործիչներ. ասվածը վերաբերում է ոչ միայն հայերին, այլեւ բռնակալության դեմ անձնազոհաբար պայքարող թուրքերին։ Նշանակում է՝ գրողը հավատարիմ է եղել խոստմանը (վերոնշյալ նախաբանում արված). «Ազնիվ երեւույթ մը, բարի գործ մը, իրական արժանիք մը մեզի սակայն անտարբեր չեն թողուր։ Եթե ասոնց հանդիպելու մխիթարությունը ունենանք մեր ճամբուն վրա, սրտագին համակրանքի բարեւ մը պիտի տանք»։
Երբ ծանոթանում ենք գրողի աստանդական կյանքին, ոչ միայն օտարների, այլեւ յուրայինների սանձազերծած հալածանքին, մտավորականի իր տեսակը պահպանելու տիտանական ջանքերին, նման պայմաններում ձեւավորված աշխարհայացքին, ապա ինքնին հասկանալի է դառնում, թե ինչու Երվանդ Օտյանի առանձնահատուկ ուշադրությունն են «վայելում» այսպես կոչված՝ «գործի մարդիկ»՝ խորամանկ գործարարները, ճարպիկ խաբեբաները, ամուսնության անսկզբունք միջնորդները, որ իրական գործարարության հետ ոչ մի կապ չունեին, բայց եւ ամեն ինչի ձեռք էին գցում, ամեն տեսակի կասկածելի գործարք անում հանուն շահի՝ «գործի մարդ մը առանց ոեւէ խոստովանելի գործ ունենալու»։
Դրանցից մեկը, օրինակ, «գործի մարդու» տաղանդով փայլում էր փաստաբանության ասպարեզում. ահավասիկ նրա կերպարը օտյանական անզուգական գրչի պատկերմամբ. «Երեսուն տարիե ի վեր Սահմանադրության ամեն օրենքները, կանոնները, հոդվածները, կետերն ու ստորակետերը ծամած, կուլ տված եւ որոճացող կենդանիներու պես նորեն ու նորեն ծամած ու մարսած էր։ Նույն իսկ ակնհայտնի խաբեբայություն մը չկար զոր կարող չըլլար հաշտեցնել օրենքին հետ։ Անհարազատ տղաքը հարազատել, հարազատները անհարազատել, ամուսնացածը կրկին ամուսնացնել, չամուսնացածը ամուսնացած հռչակել, հրեան հայ շինել, հայը հոռոմ շինել, հոռոմը տաճիկ շինել, ձախեն բարեւ մը տալ Սահմանադրության եւ ապօրեն կնունք մը կատարել, աջեն բարեւ մը տալ ու ավազակ գանձապահ մը արդարացնել, իրեն համար ջուր խմելու պես բաներ էին»։
Քաղաքական գործիչների մեջ քիչ չեն նույնաբնույթ արժեքային համակարգ ունեցող անձինք՝ բացահայտ կամ քողարկված «գործի մարդիկ», իրականում զուտ անձնական շահերը հետապնդող ճարպիկ դատարկախոսներ. Երվանդ Օտյանը զուր չի նրանց օժտել խոսուն ազգանուններով՝ «Կերավյանց», «Կուլտամյանց», «Ինձելտուրյանց», «Կակայանց», «Փանջունի», «Սարսափունի», «Առկերունի, «Ռմբունի»... Առհասարակ, Օտյանը չի խնայում անբարո եւ պորտաբույծ քաղաքական գործիչներին՝ լինեն դրանք օսմանյան խորհրդարանի անդամ, կառավարության անդամ, թե հայոց ինքնակառավարման մարմնի՝ Ազգային ժողովի երեսփոխան։
Երվանդ Օտյանի հանճարի փայլատակումը, անտարակույս, «Ընկ. Բ. Փանջունի» եռագրությունն է։ Սրա հերոսը թեպետ կերտվել է որոշակի նպատակով, սակայն Փանջունին հավաքական մի կերպար է, որի նախատիպը կարող ենք գտնել պատմության էջերում, բոլոր ժողովուրդների կյանքի հատկապես շրջադարձային փուլերում. սա, իսկապես, հեղափոխության «մակաբույծ» է՝ ի հայտ է գալիս հեղափոխության շեմին, ծաղկում հեղափոխության ընթացքում, անվերջ խոսում հեղափոխությունից, բայց եւ ամենամեծ վնասը հասցնում հեղափոխության նպատակներին։
Որպես ընթերցող այս երկի փիլիսոփայությունն իմաստավորելիս՝ կարեւոր է, որ խուսափենք Փանջունու պարզեցված, մակերեսային ընկալումից, ուստի եւ խուսափենք փանջունիականության հանրային վտանգի թերագնահատումից։
Առերեւույթ ամեն ինչ պարզ է. Փանջունին թերուս է, շաղակրատ («Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ա՛լ բերանը դյուրավ չէ գոցած»), ընչասեր (անվերջ կրկնում է կուսակցության կենտրոն հղած նամակներում՝ մի քիչ փող ուղարկեք), սերտած մտակաղապարների գերի («Մենծ էֆենդին պետք է լինի ազգատյաց, փառամոլ. ազգին շահն իր շահին զոհող. բուրժուան պետք է լինի ապականած, դրամապաշտ, անբարոյական. հարուստը պետք է լինի կեղեքիչ, անխիղճ. հեղափոխականը՝ իդեալիսթ, մաքուր, անշահախնդիր, անկեղծ, անձնվեր»), կուսակցամոլ («Չիք ուղղություն եւ ճշմարտություն արտաքո մեր կուսակցության») եւ այլն։
Եվ ուրեմն, ի՜նչ մի հանրային վտանգ է ներկայացնում այս պարզունակ կերպարը։ Այդպես չէ, եւ պատմության ընթացքում ժողովուրդները քանի—քանի անգամ են հեշտորեն խաբվել՝ դառնալով հերթական «ֆյուրերի», «կաուդիլիոյի», «վոժդի» զոհը։
Նախ եւ առաջ, Փանջունին բնավ շնորհազուրկ չէ. ընդհակառակը, քարոզչի անուրանալի ձիրք ունի. «Իր տաք, համոզված, եռանդուն եւ անխոնջ պերճախոսությունը կը հրդեհեր սառած հոգիները, կը պրկեր, կը զորացներ թուլցած ջիղերը եւ կը խանդավառեր միամիտ էությունները»։ Նա նաեւ հետեւողական է, աննկուն եւ համառ։ Որքան էլ տարօրինակ է թվում, Փանջունին լիովին համոզված է, որ ինքը ծառայում է թե՛ պրոլետարիատի ազատագրման գործին, եւ թե՛ «հայ ազգի վերածնությանը»։ Եվ, սակայն, այս դրական հատկությունները նույնիսկ փաստացի վնաս են հասցնում ինչպես մարդկային համակեցության բնականոն պայմանների ապահովման, այնպես էլ զուտ ազգային խնդիրների լուծման առումով։
Ինչո՞ւ։ Եվ ո՞րն է ընկեր Բ. Փանջունու կերպարի բանալին։ «Acta, non verba, այս պետք է լինի մեր նշանաբանը». որպես մարտակոչ՝ նա իր զինակիցներին նետում է «Գործ, ոչ թե խոսք» ասացվածքը։ Ընդհանրապես, սիրում է կրկնել, թե «խորհուրդի ժամանակ չէ, այլ գործելու»։ Սա առհասարակ հատուկ է նմանօրինակ եռանդուն գործիչներին. Երվանդ Օտյանի մեկ այլ հերոս նույնպես («Պրոպագանդիստը» վիպակից) այդպես էր հանդիմանում իր հետեւորդներին. «Պարապ խոսքեր լսելու ատեն չունիմ... Խոսքի ժամանակը անցուցինք, հիմակ գործելու ժամը հնչեց»։
Երվանդ Օտյանը բնավ պատահաբար չէ Փանջունուն «շնորհել» հիշյալ ասույթը՝ այն էլ լատիներեն։ Նախ՝ մեկ անգամ եւս ցանկացել է շեշտել Փանջունու գաղափարների օտարամուտ լինելը։ Ապա՝ հիշենք Օտյանի «Հեղափոխությունը հայ լեզվին մեջ» փայլուն ակնարկը, որտեղ հերոսի հայերեն գրված նյութն ամսագրի խմբագիրը ստիպում է ճոխ—ճոխ հագեցնել օտար բառերով, թեպետ դրանց համարժեքը կա հայերենում։ Վերջապես՝ խոսքի եւ գործի նմանօրինակ հակադրումը խորությամբ է բացահայտում կերպարի կատակերգաողբերգական բնույթը։
Առավել կարեւոր է տեսնել Փանջունու ամենամեծ հանցանքը. նա վարկաբեկում է մարդկային խոսքը՝ գաղափարը, միտքը, տեսությունը, ուսմունքը։ Եվ տվյալ պարագայում բնավ էական չէ պղծվող խոսքի առարկայական բովանդակությունը։ Երվանդ Օտյանի երկում վերջինս մարքսիստական դրույթների խառնիխուռն հավաքածուն է, ինչն էլ երկար ժամանակ խոչընդոտում էր «Ընկեր Բ. Փանջունու» տպագրությանը խորհրդային տարիներին։ Իսկ եթե Փանջունին լիներ մի խանդավառ կրոնախեւ, ապա չէ՞ որ միեւնույն մոլեռանդությամբ նա քրիստոնեություն կամ կրիշնայականություն էր քարոզելու՝ վարկաբեկելով այդ ուսմունքները։
Չըմբռնված խոսքը չի կարող բարերար գործ դառնալ՝ արարիչ սկիզբ լինել։ Մակերեսորեն յուրացված խոսքը՝ ուսմունքը, գաղափարը, ծրագիրը եւ այլն, կործանարար է թե՛ գործի, թե՛ բուն խոսքի համար։ Ա՛յս դասն է ահավասիկ հարկավոր քաղել մեծն երգիծաբանի հանճարեղ գործից, հատկապես ա՛յս միտքը ըմբռնել։
Իսկ սրանից բխում է մեկ այլ, դարձյալ մշտապես հրատապ դաս. հասկանալ, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս են հին ու նոր փանջունիները բազում հետեւորդներ ձեռք բերում, թեկուզ առժամանակ՝ դառնում զանգվածների մտքի եւ հոգու առաջնորդը։ Օտյանը հուշում է բացատրությունը. արդեն «Հեղափոխության մակաբույծները» շարքի առաջին՝ «Արտասահմանցի գործիչը» պատմվածքում իր հերոսի շուրթերով է արձանագրում, թե «անիմաստ խոսք մը միշտ լավագույն ազդեցությունը կընե ամբոխին վրա»։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր