24.12.2023
Գիտուժի կազմակերպած կոնֆերանսում մի պանել նվիրված էր հումանիտար ուղղություններին։ Ինչ-որ մեկն ասաց` քո երկրում հումանիտարի տեղը չպիտի դատարկ թողնես, պիտի զարգացնես։ Քիչ էր մնում տեղիցս գոռայի` դատարկ չի մնա։ Եթե դու չզարգացնես, քո բացը լցվելու է այլ երկրների և ազգերի ստեղծածով, այն էլ դրա տակը մնացած, պարզեցված տարբերակով, այսպես ասած` գրքից քեզ կհասնի բուկլետը։ Ու քանի որ դու չունես օրգան, որը անգամ էտ պարզեցված սնունդը կմարսի, այսինքն չունես բավարար հումանիտար գիտական միտք, դու կբավարարվես քեզ հասած բուկլետի նկարներով։ Էս դեպքում ուրիշի ինքնության խնդիրները, կոմպլեքսները կվերագրես քեզ, ինչպես կայսրության օրինակով բանակ էիր սարքում։
Մեր երկրում կա մարդկանց հստակ գրադացիա` սպիտակ լավ է, մուգ`վատ։
Կապույտ աչքերը լավ է, ձիգ նեղ աչքերը՝ «նենց ոչինչ»։ Բոյովը, երկարը, սպիտակամաշկը և ոսկեհերը լավ է, կոլոտը, սևուկը թող մազ ներկի, կրեմ քսի, իսկ թե տղա է... գոնե ավտո առնի։
Կա չէ՞ տպավորություն, որ ընդհանուր առմամբ շագանակագույն մարդկանց հանրության համար էս ստանդարտները մի տեսակ արհեստական են ու տարօրինակ։ Մի տեսակ` կայսերական բանակը հայկական լեռներում, հը՞ Էս էն բուկլետն է` հյուսիսից և արևմուտքից իջած, որը տեղում գուցե արդարացված է եղել կամ գոնե ժամանակին կոնկրետ նպատակներ հետապնդել, իսկ մեր բերանը ինչ լցրել են, կերել ենք` գեղեցկության ստանդարտներից մինչև սպիտակակենտրոն ռասիզմ։
Մենք, որ սպիտակ չենք բնավ։ Կերել ենք, քանզի մեր ճաշը եփել չգիտենք։ Տխրում ենք, որ աաայ վախտին մեր նահապետը կյաժ էր ու կապույտ աչքերով, բայց հետո եկան սև ու բուշլատով տղերքը և... սևացանք:
ԼԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ