05.06.2020, ԹԲԻԼԻՍԻ
Վրացական մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում կորոնավիրուսի հետ կապված հարևան երկրների շարքում ամենաքննարկելի թեմաներից մեկը Հայաստանն է․ ամենօրյա կտրվածքով վրաստանյան առաջատար լրատվամիջոցները ներկայացնում են Հայաստանում գրանցված վարակի տվյալները:
«Ալիք մեդիա»-ն հայտնում է, որ հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել» հայտարարությունից հետո վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային:
ՀՀ-ին աջակցելու առաջարկով Ֆեյսբուքում հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան:
Վերջինս գրառման մեջ նշել է.
«Անհնար է անտեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պետք է օգնենք, ակնհայտ է, որ մեծ ռեսուրսներ չունենք, սակայն ցանկացած տեսակի օգնությունը հիմա կարևոր է: Հնարավոր է օգնություն ցուցաբերենք նաև Արևմուտքի հետ ֆասիլիտացիայի հարցում: Պետք է շտապ պարզել կոնկրետ անհրաժեշտություններն ու սկսել գործել»,- գրել է Խոշտարիան:
«Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին:
«Անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել: Մի կողմ պետք է դնել մի քանի նախարարների ոչ ադեկվատ հայտարարությունները և կանգնել հարևանի կողքին: Նրանք ունեն վարակվածներ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մահանան: Հեշտությամբ կարելի է գտնել օգնության ճանապարհը»:
Հարցին անդրադարձել են նաև վրացի ակտիվիստները, հասարակական գործիչները: Հայաստանին օգնելու կոչերով գրառումներ են կատարել նաև ակտիվիստ Դավիթ Գիորգաձեն, Գիորգի Մոլոդինին, Նինո Բեկիշվիլին: Գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն գրում է.
«Վրաստանը պետք է Հայաստանի կողքին կանգնի: Անթույլատրելի է մեր քույրերին ու եղբայրներին նման իրավիճակում թողնելը: Պետք է օգնենք դուրս գալ այս իրավիճակից: Միասին մտածենք, թե ինչպես ենք դա անելու»:
Ակտիվիստ Դաթո Խարշիլաձեն ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արդեն անհրաժեշտ է օգնել հայերին, սակայն պացիենտներին տեղափոխելն անթույլատրելի ու անհնար է: Կարելի է Տաշիրում կամ Ալավերդիում բացօթյա հոսպիտալ կազմակերպել, երկու բժշկական բրիգադով կօգնենք, նվազագույն կոնտակտով»:
Հատկանշական է, որ ֆեյսբուքյան և ինստագրամյան օգտատերերը մեկնաբանություններում մեծամասամբ համաձայն են Հայաստանին օգնելու հարցում, սա՝ Արսեն Թորոսյանի հայտարարության հետ կապված սոցցանցերում բարձրացած հակահայկական հայտարարությունների ֆոնին: Մեկնաբանություններում օգտատերերը քննարկում են Հայաստանին օգնելու տարբերակներ:
gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով:
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը քննարկել Հայաստանին օգնելու հարցն այս ծանր շրջանում: Օգնություն ասելով ենթադրվում է առաջարկել Հայաստանին նրանց պացիենտներին բուժել Վրաստանում: Գտնում ենք, որ սա ճիշտ քայլ կլինի հարևան պետությանն օգնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու տեսանկյունից»: