18.02.2024
Ժամը 10։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմին փողոցի 83 հասցեում իր իշխանամետ հրապարակումներով հայտնի բլոգեր Ռոման Բաղդասարյանը եղել է ավտոմեքենայում նստած, երբ անհայտ անձը բացել է դուռը, ձեռքով մի քանի հարված հասցրել, ապա դանակով փորձել հարվածել նրան։
Հիշեցնենք, Ռոման Բաղդասարյանը հայտնի է իր հակաարցախյան հրապարակումներով, նա ակնհայտ ատելության տոնով բազմիցս հայտարարել է, որ արցախցիներն են մեղավոր Արցախի կորստյան մեջ:
Ըստ SHAMSHYAN.com-ի՝ Ռոման Բաղդասարյան անունով անձը հայտնել է ոստիկաններին, որ ինքը գտնել է իր ծանոթ Գևորգ Ա․-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում, երբ Հովսեփ Էմին փողոցի 80 հասցեի մոտ երթևեկելու ժամանակ իրեն անծանոթ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, բռունցքով հարվածել իր դեմքին, ապա հայտնել է, որ ինքը հետապնդվում է ու դիմել է փախուստի։
Ոստիկաններին Ռ․ Բաղդասարյանը հայտնել է նաև, որ նման արարք տեղի է ունեցել նաև Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքի «Սիեռա» հյուրանոցում, որի վերաբերյալ դիմել է նշված քաղաքի ոստիկանություն:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ Ռ․ Բաղդասարյանին հարվածող անձը եղել է Opel մակնիշի ավտոմեքենայով, ում հետ եղել է ևս 2 հոգի։ Այնուհետև շարունակելով ձեռնարկված օպերատիվ, հետախուզական միջոցառումները ոստիկանները պարզել են, որ Opel-ը շահագործում է Արագածոտնի մարզի բնակիչ 35-այա Համլետ Ս․-ն, ով փետրվարի 14-ին նախնական համաձայնության գալով դեռևս չպարզված 2 անհայտ անձանց հետ փետրվարի 16-ին, ժամը 08։10-ին Opel-ով գալիս են Թավրիզյան փողոց, որտեղ դարանակալում են Ռ․ Բաղդասարյանին, ապա շարունակում հետապնդել նրան ու երբ Ռ․ Բաղդասարյանը Գևորգ Ա․-ի Mercedes-ով հասել են Հովսեփ Էմինի փողոցի 83 հասցեի մոտ, Opel-ի մեջ գտնվող անհայտ անձանցից մեկը դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել Mercedes-ին, բացել դուռը և հարվածել Ռ․ Բաղդասարյանին, նրա հասցեին հնչեցրել սպառնալիքներ, ապա դիմել փախուստի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Աշտարակ քաղաքում հայտնաբերել են Համլետ Ս․-ին և ֆիզիկական ու հոգեկան ներգործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխվել է բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 2 անհայտ անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։