16.02.2025

Այսօր, 2025 թվականի փետրվարի 16-ին, կյանքից հեռացավ իրավապաշտպան, հասարակական գործիչ, հրապարակախոս ու մտավորական Ավետիք Իշխանյանը՝ մի մարդ, ով իր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրեց արդարության, հայրենիքի եւ մարդու իրավունքների պաշտպանության գործին։ Նրա հեռացումն անտանելի կորուստ է ոչ միայն նրա ընտանիքի և հարազատների, այլև ողջ հայ ժողովրդի համար։
Ավետիք Իշխանյանը ծնվել է լեզվաբան, գրող և հրապարակախոս Ռաֆայել Իշխանյանի ընտանիքում։ Ծնված լինելով ազգային արժեքներին ու գիտական մտքին անմնացորդ նվիրված ընտանիքում՝ նա ժառանգեց իր հոր սկզբունքայնությունը, աշխատասիրությունն ու ազգային ինքնության պահպանման բարձր գիտակցությունը։
Նա եղել է «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի անդամ՝ այն մարդկանցից մեկը, ովքեր Արցախյան շարժման տարիներին սեփական կյանքը վտանգելով պայքարեցին հայրենիքի ազատության եւ արժանապատվության համար։ Այդ պայքարը նրա համար ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր առաքելություն էր։ Նա հեղինակը դարձավ բազմաթիվ գիտական աշխատությունների, վերլուծական և հրապարակախոսական հոդվածների, որոնք միշտ աչքի էին ընկնում խորաթափանցությամբ և անխախտ ճշմարտությամբ։
Ավետիք Իշխանյանը իրավապաշտպանության ոլորտում շարունակաբար պայքարել է մարդու իրավունքների, արդարության և ազատությունների պաշտպանության համար՝ դառնալով այն հազվագյուտ մարդկանցից մեկը, ով իր սկզբունքների և բարոյական արժեքների վրա կանգուն մնաց անգամ ամենաբարդ իրավիճակներում։ Նրա գործունեությունը միշտ ուղղված էր ոչ թե անձնական շահի, այլ ժողովրդի և հայրենիքի բարօրությանն ու արդարության հաստատմանը։
Նա թողեց մեզ իր հրաժեշտի խոսքը՝ իր հոգու ցավի և հիասթափության արտահայտությամբ, որը խորապես արտացոլում է հայության դժվարին իրավիճակն ու իր սերը հայրենիքի հանդեպ։ Նա չկարողացավ դիմակայել այն ցավին, որը պատճառեց հայ ժողովրդի վերջին տարիների ծանր կորուստները, ազգային հիասթափությունն ու արժեքների խաթարումը։
Ավետիք Իշխանյանի հեռացումը ցավալի հիշեցում է այն մասին, թե որքան կարևոր է հարգել ու պահպանել մեր ազգի նվիրյալների թողած արժեքները։ Նրա անունը կմնա հայ ժողովրդի պատմության մեջ որպես բարոյականության, սկզբունքայնության և հայրենասիրության խորհրդանիշ։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին և նրան ճանաչած բոլոր մարդկանց։ Ավետիք Իշխանյանի թողած արժեքներն ու գաղափարները կապրեն և կհիշվեն սերունդների կողմից։
Հավերժ փառք ձեր անունին, Ավետիք Իշխանյան։
Հանգչե՛ք խաղաղությամբ։