top of page

Այսօր մարտի 1-ի ոճրագործության 16-րդ տարելիցն է. որևէ մեղավոր առ օրս պատժված չէ, Նիկոլ Փաշինյանի պնդումը «մարտի 1-ի բացահայտման մասին» հերթական հեքիաթը դուրս եկավ

01.03.2024



Այսօր լրանում է մարտ 1–ի ոճրագործության 16–րդ տարելիցը։


2008 թ. նախագահական ընտրություններից հետո, այն ժամանակվա գործող իշխանությունը համատարած ընտրակեղծիքների միջոցով ապահովեց Սերժ Սարգսյանի «հաղթանակը», որից հետո հարյուր հազարավոր հայաստանցիներ դուրս եկան հրապարակ` ի աջակցություն ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր–Պետրոսյանի և մերժելով իշխանության յուրացումը։


Հզոր համաժողովրդական շարժումը, հայտարարված շուրջօրյա հանրահավաքը իշխանություններին հասկացնել տվեց, որ բռնազավթած նախագահական աթոռը այլևս պահպանել հնարավոր չէ, իշխանությունները դիմեցին բռնության․ նախ՝ մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական հատուկ ուժերը հարձակվեցին ու բռնի ուժով ցրեցին Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքները։ Ցերեկը ժողովուրդը հավաքվեց Մյասնիկյանի արձանի մոտ, և արդեն երեկոյան ռեժիմը դիմեց զենքի՝ կրակեց սեփական ժողովրդի վրա:


Զոհվեց 10 քաղաքացի, մարմնական վնասվածքներ ստացան հարյուրավորները:


Լևոն Տեր–Պետրոսյանի հարյուրավոր կողմնակիցներ ձերբակալվեցին ու շինծու մեղադրանքներով դատապարտվեցին։ Հետագայում այդ քրեական գործերի մեծամասնությունը բողոքարկվեց ՄԻԵԴ–ում, և բեկանվեցին, նաև՝ մարտի 1–ի գործով շինծու մեղադրանքներով դատապարտվածներն արդարացվեցին։


2018թ․ մարտի 1–ի քրեական գորրծը վերաբացվեց, մեղադրանք առաջադրվեց այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, այդ օրերին ԳՇ պետ Սեյրան Օհանյանին՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։


Սակայն երկարատև դատական քաշքշուկներից հետո քրեական օրենսգրքի հոդվածը, համաձայն որի առաջադրվել է մեղադրանքը, ճանաչվեց հակասահմանադրական։


Նիկոլ Փաշինյանը 2018-ին հայտարարում էր, որ «մարտի 1-ը բացահայտված է»: Սա հերթական փուչիկ դուրս եկավ: Մարտի 1-ի սպանդը առ օրս բացահայտված չէ, բոլոր մեղավորները վայելում են կյանքը:

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page