ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Անկարա:
ԱԺ նախագահը ֆեյսբուքյան իր սթորիս բաժնում վիդեոհաղորդագրություն է թողել, որտեղ մեքենայի վրա փակցված ՀՀ դրոշը ծածանվում է Թուրքիայում։
Պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին, որտեղ ԱԺ նախագահը ծավալուն ելույթ կունենա, ըստ խոսնակի՝ անդրադառնալով այս պահին ՀՀ-ում տիրող իրավիճակին:
Իսկ վաղը Սիմոնյանը կհանդիպի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ։ Հայտնի չէ՝ կառավարական օդանավո՞վ է Սիմոնյանը մեկնել Անկարա, թե՝ ոչ։
Ըստ ԶԼՄ-ների՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնել կառավարական ինքնաթիռով, քանի որ Երևան-Անկարա ուղիղ չվերթ չկար։
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի կարծիքով՝ 30 տարի անց բավականին մոտ ենք հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Վերջին անգամ Թուրքիա այցելել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո։