04.03.2025

Օսկարի արարողությունից առաջ հայ ժողովուրդը շունչը պահած սպասում էր «Անորայի» հաղթանակին։ Եվ ահա, ֆիլմը ստացավ հինգ բաղձալի արձանիկ։
Հիացմունք, գովեստ, հպարտություն... Բայց արդյո՞ք կա ուրախանալու բան։
Այո, ֆիլմում նկարահանվել են հայ դերասաններ, գործողությունները կապված են ամերիկահայության հետ։ Բայց ի՞նչ կերպ են ներկայացված այդ հայերը։ Նրանք պատկերված են որպես ողնաշարազուրկ ծառաներ, ագահ, վաճառված հոգիներ, որոնք ծառայում են ռուս օլիգարխին։ Նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցու սարկավագը հանդես է գալիս որպես օլիգարխի համհարզ և թողնելով կնունքի արարողությունը վազում է իր տիրոջը ծառայելու:
Իսկ օլիգարխի որդին առանձին խոսակցության թեմա է։ Ճշմարտությունը որոնելու, հոգևոր աճի և գիտելիքները խորացնելու փոխարեն, նա ընտրում է անառակության ուղին և ամուսնանում ստրիպտիզ պարուհու հետ, ով ուրախությունից հանկարծ որոշում է, որ գտել է իր կյանքի սերը։ Այս կերպարը բարոյական քայքայման քվինտէսենցիան է, և ֆիլմի հեղինակները նրա ուղին ներկայացնում են որպես ինչ-որ բնական, նույնիսկ նորմալ բան։
Բայց ամենասարսափելին այն է, որ ֆիլմում չկան դրական կերպարներ։ Ամբողջ պատմությունը՝ խավար, փտած նկար է բարոյական անկման մասին։ Օլիգարխը, նրա շրջապատը, որդին, ծառաները՝ բոլորը խրված են ագահության, ցածր բնազդների, վաճառվածության ճահճի մեջ, որի կենտրոնում հայերն են:
Սա հայերի ծաղրանկար է, որը ստեղծվել է արևմտյան հանդիսատեսին հաճոյանալու համար, որը նորից տենչում է տեսնել պատմություն «նվաստ» արևելյան ժողովուրդների մասին։
Այս ֆիլմն արժանի չէ հինգ Օսկարի։ Այն արժանի է մոռացվելու՝ որպես ևս մեկ փորձ՝ հայերի վարկանիշն արատավորելու։ Մեզ ուրախանալու ոչինչ չունենք։ Այս ֆիլմը հաղթանակ չէ, այլ խայտառակություն։
Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե մեզ ճանաչում են տալիս, դա միշտ չէ, որ մեր օգտին է։ Մենք չպետք է ծափահարենք նրանց, ովքեր մեզ այսպես են ներկայացնում։ Մեր մշակույթը, մեր արժանապատվությունը էժան մրցանակների կարիք չունեն։ Այս ֆիլմը ծաղրանք է, և նրա հաջողությունը նրան արժեքավոր չի դարձնում։