24.09.2023
Մշակութաբան Դավիթ Պետրոսյանը
Արցախից Ադրբեջանին $1,5 մլրդ արժողությամբ զենք նվիրելու ստորացուցիչ իրականության ֆոնին մենք հիշում ենք Դավիթ Պետրոսյան անունով հայ գիտնականին, ով, թեև իր կյանքով և մահով քիչ հայտնի, բայց մերօրյա Հայաստանի իրական հուսահատության ձայն է:
Հայ ժողովրդի պատմության՝ առանց կեղծքիների ուսումնասիրումը Դավիթի մոտ հարցեր առաջացրեց մեր ժողովրդի ինքնության կորստի և ճակատագրի վերաբերյալ։ Նրա կյանքն ու ողբերգական մահը ստիպում են մեզ իմաստավորել նրա գաղափարները:
Դավիթ Պետրոսյանը գիտնական էր, ով լուրջ ջանքեր է ներդրել հայ մշակույթի և պատմության ուսումնասիրության համար։ Այնուամենայնիվ, նրա վերջին տարիները նշանավորվեցին խորն անհանգստությամբ, թե ինչպես է իր հայրենի երկիրը և հայ ժողովուրդը հաղթահարում ժամանակակից մարտահրավերները: Նրա համար ծանր փորձություն դարձավ 2020 թվականի դավաճանական պատերազմը, որի արդյունքում Հայաստանը ստորացուցիչ պարտություն կրեց և ստորացվում է առ օրս:
Հիշատակելով Կարսի անփառունակ անկումը՝ Դավիթ Պետրոսյանը գրել է. «Իսկ ամոթից ինքնասպանություն գործած որևէ մեկը չկա՞ր»։ Այս խոսքերն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն նրա հոգու հուսահատության արտահայտումն են, այլեւ թշնամիներին հանգիստ ապրելու միրաժի դիմաց ամեն բան զիջելու՝ հայ ժողովրդի մոլորության մասին աղաղակումը:
«Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունն հայտնաբերեր։ Էսքան աղետի ու պարտությունների մեջ ո’չ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ո’չ պատասխանի կանչվեց, ո’չ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը նույն ճանապարհներով»:
Նրա հետազոտություններն ու հրապարակումները կշարունակեն լինել Հայաստանի մշակույթի և պատմության վերաբերյալ արժեքավոր աղբյուր, բայց դրանք պետք է նաև մտորումներ առաջացնեն հայ հասարակության մեջ ինքնաքննադատության և փոփոխությունների անհրաժեշտության մասին:
Դավիթ Պետրոսյանի ճչացող ինքնասպանությունը 2021 թվականին կրկին ու կրկին հիշեցնում է մեր թերությունները վերլուծելու ու շտկելու, դժվարին պահերին ազգային շահին բոլորով ծառայելու ու իրականում համախմբվելու անհրաժեշտությունը։
Ազգային միասնության, խիզախության, խելքի բացակայությունը, ագրեսորներին անբավարար դիմադրությունը և առանց լուծումների մնացած բազմաթիվ ներքին խնդիրները խոցելի են դարձնում հայ ազգին արտաքին սպառնալիքների նկատմամբ։ Իսկ սա այն ամենն է, ինչի դեմ իր գրչով պայքարում էր Դավիթ Պետրոսյանը: