top of page

Ինչպես նորարար ձեռերեց Րաֆֆի Հալաճյանը բացահայտեց Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում

15.11.2023

 


Yerevan Online Mag.-ի «Արաքսից Սեն. ֆրանսիահայեր» շարքի հաջորդ հյուրը Ֆրանսիայում տեխնոլոգիական ոլորտի կարկառուն դեմքերից մեկն է, նորարարական ոլորտի ձեռներեց, ով մեծ ներդրում է ունեցել Ֆրանսիայում ինտերնետի ներդրման գործում։ Բացառիկ ինտելեկտով և նույնքան բացառիկ հումորով այս հայը առանձահատուկ սեր է ունեցել տեխնոլոգիական նորարությունների ոլորտում և ստեղծել է խելացի լուծումների մի ամբողջ շարք, որոնք անփոխարինելի են դարձել բոլորիս կյանքում։ Withings, Juice.tech ընկերություների համահիմնադիրը հատկապես մեծ ճանաչում ստացավ Nabaztag նորարարական խելացի սարքի ստեղծումից հետո։ Բազմաթիվ անվանումների շրջանակում ընտրելով այս անունը՝ Րաֆֆին հետաքրքիր հնարք գործեց՝ սարքի անվան շուրջ կուտակված հարցերի միջոցով ամբողջ աշխարհին պատմելով իր հայ լինելու և Հայաստանի մասին։


Yerevan Online Mag.-ի հատուկ թղթակից Թամարա Հովհաննիսյանի զրույցը ֆրանսիահայ ինովացիոն ձեռերեց Րաֆֆի Հալաճյանի հետ ներկայացվված է հաջորդիվ։


-Պատմե՛ք Ձեր ընտանիքի և արմատների մասին։


-Ես ծնվել եմ Լիբանանում հայկական ընտանիքում, որտեղ մենք խոսում էինք բացառապես հայերեն, սնվում էինք հայկական խոհանոցի սննունդով։ Ես ծնվել եմ և մեծացել եմ բացառապես հայկական միջավայրում, բայց նաև իմ մեջ կրում էի լիբանանյան մշակույթը, կարծես երկու քաղաքացիություն ունենայի․  100% լիբանանցի և 100% հայ։ Հայրս գաղթել էր Թուրքիայի տարածքից և զբաղվում էր կտորների բիզնեսով՝ մեծ ցանկություն ունենալով, որ իր որդին կշարունակի իր գործը (Րաֆֆին ժպտում է,- խմբ.):


1975թ․ սկսված Լիբանանում սկսված քաղաքացիական պատերազմի արդյունքում ծնողներիս հետ միասին որոշում կայացրեցինք, որ ես ուսումս պետք է շարունակեմ արտերկրում։ Լիբանանում սովորում էի ֆրանսիական քոլեջում, շատ լավ ֆրանսերեն գիտեի, և որոշումը առավել, քան ակնհայտ էր․ 1978թ․  17 տարեկան պատանի Րաֆֆի Հալաճյանը լիովին մենակ մեկնեց Ֆրանսիա և ընդունվեց բակալավրիատ կինոմոտոգրաֆիայի ոլորտում։


17-ամյա Րաֆֆի Հալաճյանը՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ

Լուսանկարը՝ անձնական արխիվից



-Ինչպե՞ս Րաֆֆի Հալաճյանը որոշում կայացրեց չզբաղվել կտորի բիզնեսով և հետևել իր երազանքին։


-Հայրիկիս Լիբանանում կտորի բիզնեսով զբաղվելու երազանքից հրաժարումը ստացվեց ինքնաբերաբար․ Լիբանանում իրավիճակն այնքան էր վատթարացել, որ ծնողներս չէին էլ մտածում իմ Լիբանան վերադարձի մասին։ Ես ավարտեցի բակալավրիատը և մագիստրատուրան կինոմոտոգրաֆիայի ոլորտում և լիովին հասկացա, որ դա այն չէ, ինչով ես ուզում եմ զբաղվել իմ կյանքում, և որ իմ կոչումն ու կիրքը նորարարությունների մեջ է․ տեսնել ապագան և այն դարձնել իրական այսօր, հիմա։ Միթե՞ դա հիասքանչ չէ։ Այն ժամանակ, երբ կատարվում էին ամենաառաջին քայլերը հեռակոմունիկացիայի ոլորտում, ֆրանսիացիների բնակարաններում հայտնվեց փոքրիկ տերմինալ, որի շնորհիվ հնարավոր էր օնլայն հաղորդակցություն իրականացնել։ Սա այն ժամանակ էր, երբ չկար նույնիսկ ինտերետը, մարդիկ կարծես առաջին անգամ հայտնվել էին լուսնի վրա։ Հենց այս պահին ես հասկացա, որ սա ոլորտ է, որտեղ ես կարող էի բացահայտել նորը, հետաքրքիրը և այն մատուցել մարդկանց։


-Լիովին նոր ոլորտ, որտեղ ձախողվելու ռիսկերն այնքան շատ էին։ Չկա՞ր մտավախություն բիզնեսը ձախողելու վերաբերյալ։


-Ես ձեռներեց չեմ, ես արկածախնդիր եմ, ինձ հետաքրքրում է պրոցեսը և ոչ թե գումարը, դա այդպես է եղել և՛ երբ ես չունեի գումար, և՛ այն ժամանակ, երբ ունեի։ Ոգևորությունը և խանդավառությունը գտնելու նորը, առաջինը տեսնելու, հայտնագործելու երևույթներն ու իրերը, դրանք հաղորդելու մարդկանց ինձ տարավ նորարարությունների ոլորտ։ Հավատացե՛ք գումարը վերջին բանն էր, ինչի մասին ես մտածում էի, նույնիսկ գումարի բացարձակ բացակայության դեպքում պատրաստ էի մնալ այս ոլորտում։ Ես արթնանում ու քնում էի այս մտքով, սա էր իմ հետաքրքրությունը, սերը, խանդավառությունը։ Մի վառ օրինակ իմ արկածախնդրության վերաբերյալ։ Հիշում եմ հետագայում, երբ արդեն մշակում էինք wi-fi-ի հիման վրա աշխատող և նապաստակի տեսք ունեցող նոր պրոդուկտի մասին, որը պետք է հաղորդակցվեր մարդկանց հետ և տեղյակ պահեր օրինակ եղանակի փոփոխությունների մասին (որը, ի դեպ, հետագայում մեծ հաջողություն ունեցավ), մեզ հետ աշխատող մի աղջիկ խորհուրդ տվեց մինչ պրոդուկտի ստեղծումն ու տարածումը հարցում իրականացնել՝ հասկանալու արդյո՞ք կգնեն  այդ պրոդուկտը։ Երբ նա մոտեցավ ինձ և ասեց, որ 200 հարցվողներից 200-ը բացասական պատասխան են տվել, ես միայն ասեցի․ «Շատ լավ, մենք դա անում ենք» (կրկին ծիծաղում է,- խմբ.):


Րաֆֆի Հալաճյանն իր Փարիզի տանը

Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի



-Մեծ հպարտություն է ծնողի համար ունենալ նման որդի, ով զրոյից կարողացավ կայանալ լիովին նոր ոլորտում, այն էլ Ֆրանսիայում՝ վայր, որտեղ մեծ է մրցակցությունը ու դժվար է առանձնանանալ։


-Հետաքրքիր է, բայց իմ ծնողները, հատկապես մայրս ինձ սովորեցնում էին լինել համեստ։ Ինձ մշտապես հետապնդել է այս միտքը․ երբ ես Ֆրանսիայում առաջիններից էի, ով ներմուծեց ինտերնետը, ինքս իմ մեջ կրկնում էի մայրիկիս ասածը․ «ինչու՞ պետք է այս փոքր լիբանանահայը այսպիսի մեծ գործեր անի»։


Բայց հենց ես դա պետք է անեի, և ոչ ուրիշ մեկը։ Իմ ծնողներն այդպես էլ կարծես լավ չպատկերացրեցին, թե ես ինչ եմ անում, ինչով եմ զբաղվում, ինչ հաջողություններ ունեմ։ Ավելին, հայրս, ով, ցավոք, կուրացել էր և միայն հայերեն լեզվին էր տիրապետում, այդպես էլ չօգտվեց ինտերնետից և չպատկերացրեց, թե ես ինչով եմ զբաղվում։ Ավելին, մինչ մահանալը նշեց, որ ափսոսում էր, որ ես չկարողացա շարունակել իր բիզնեսը (դառը ժպիտ է հայտնվում նրա դեմքին,- խմբ.):


Մանուկ Րաֆֆի Հալաճյանը հոր հետ Լիբանանում

Լուսանկարը՝ անձնական արխիվից



-Ձեր ամենամեծ ձեռքբերումը որպես դաս կյանքից, որ կցանկանայիք կիսվել ձեր երեխաների և այլ մարդկանց հետ։


-Չլինել երբեք միջակ, կամ անել մի բան արտառոց, ցնցող կամ չանել ոչինչ, միջակությունը սպանում է մարդու «ես»-ը, դարձնում նրան մեկը շատերի մեջ։

Իմ երեխաների համար ես չեմ երազում կոնկրետ հաջողությունների մասին։ Իհարկե, ես կիսվում եմ նրանց հետ կյանքի իմ պատկերացումների մասին, շատ ընդհանուր խորհուրդներ եմ տալիս, բայց ես ուզում եմ, որ նրանք ամենակարևորը չվախենան, ազատ սավառնեն, չմտածեն և չչափեն հաջողությունը, ունենան հետաքրքրություն ու կիրք այն ամենի հանդեպ, ինչ անում են, փորձեն, ընկնեն ու վեր թռչեն՝ գտնելով այն, ինչ իրենց երջանկացնում է, ու ամենակարևորը՝ չվախենան այդ ճանապարհից, գործեն առանց մտածելու ռիսկերի ու վախերի մասին, քանի որ սա է այն ուղին, որը դարձնում է կյանքը գեղեցիկ և հետաքրքիր։


Հիմա, երբ ես արդեն բավականին մեծ եմ, ես ուրախ եմ անչափ, որ ես երբեք չեմ մտածել շատ փող աշխատելու մասին, այլ միշտ մտածել եմ լինել հետարքրքրությունների ու կյանքի զարգացման կենտրոնում։


-Մենք լսել էինք նաև Ձեր նոր գրքի մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Մի փոքր կկիսվեք, թե՞ ինչ ապագայի կանխատեսումների մասին եք խոսում այնտեղ։


-Ես չէի ցանկանում այս գրքի միջոցով ստանալ հերթական գիրքը արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների մասին։ Այդ իսկ պատճառով ես սկսեցի ամենասկզբից, թե ինչպես են մարդիկ կտրել կիլոմետրեր, որ հասնեն տեղեկատվության միակ աղբյուրին՝ մենաստանում դրված միակ գրքին և հասել մինչ ներկա ժամանակաշրջան ու նաև կիսվել ապագա զարգացումների վերաբերյալ իմ պատկերացումներով ու մտորումներով։ Այս գիրքը գրելիս ես չեմ օգտագործել արտաքին աղբյուրներ, գրել եմ միայն այն, ինչ գիտեմ և այն, ինչ պատկերացնում ու հնարում եմ իմ ուղեղում։


-Կպատմե՞ք մի փոքր Ձեր թերևս ամենահայտնի նորամուծության՝ Nabaztag-ի մասին, և ինչու՞ հենց Nabaztag:


-Իմ գործընկերոջ Օլիվիեի հետ միասին մենք մտածում էինք ստեղծել մի օբյեկտ այն մարդկանց համար, ովքեր չունեին համակարգիչ կամ հեռախոս, որի միջոցով կարող էին կատարել հարցումներ և ստանալ տեղեկատվություն։ Հետաքրքիրն այն էր, որ Օլիվիեի հետ իմ գրասենյակում հերթական քննարկումներից մեկի ժամանակ մեր ուշադրությունը գրավեց իմ գրասենյակում դրված նապաստակը, և մենք մտածեցինք՝ ինչու՞ չունենալ միացված նապաստակ և չստեղծել մի օբյեկտ, որը մարդկանց ուղեղը կցնցի, քանի որ նման օբյեկտի նախատիպ գոյություն չուներ բացարձակ, այն էլ  նապաստակի տեսքով, որն իրականում նույնիսկ էսթետիկորեն կապ չուներ տեխնոլոգիական ոլորտի հետ։


Րաֆֆի Հալաճյանն իր «Nabaztag-ների օպերային երգչախմբի» հետ

Լուսանկարը՝ անձնական արխիվից



Հիշենք, որ 2005թ․ միայն համակարգիչներն էին, և ինտերնետին միացված հեռախոսներ այդ ժամանակ չկային, հետևապես wi-fi-ին միացված ինտերակտիվ նապաստակը մարդկանց համար արտառոց մի օբյեկտ ու երևույթ էր։ Եւ մենք որոշեցինք այդ արտառոց մոտեցումը կիրառել նաև անվան հարցում․ եթե լուծումն արտառոց է, ինչու՞ արտառոց չլինի նաև անվանումը։ Nabaztag-ը արևմտահայերեն անվանում է, որը նաև կապում է այս նորարարական օբյեկտը Հայաստանի հետ։ Ամեն անգամ այս տարօրինակ անվան մասին խոսելիս, մենք հիշեցում էինք անում Հայաստանի և հայերենի մասին։ Սա այն բացառիկ դեպքերից էր, որ ի հեճուկս իմ ծնողների խորհրդին լինել համեստ՝ ես որոշեցի կիրառել մի հնարք, որով բոլորը հետաքրքրվելու էին հայկական այս անվանմամբ և լսելու էին Հայաստանի մասին ու կապելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ։


Րաֆֆի Հալաճյանի ստեղծագործությունը՝ Nabaztag

Լուսանկարը՝ անձնական արխիվից



-Իսկ հաճա՞խ եք լինում Հայաստանում։ Ի՞նչ փոփոխություններ եք նկատում մեր երկրում:


-Ես բազում անգամ այցելել եմ Հայաստան, և երբ ես առաջին անգամ 1990թ․ այցելեցի Հայաստան, ես անմիջապես ավելացրեցի այս երկրի անվանումը ինտերնետում․ սա դարձավ իմ առաջին փոքրիկ «տեխնոլոգիական ներդրումը»:


Նույնիսկ այս ամռանը ես կրկին Հայաստանում էի, սակայն իմ ամենատպավորիչ այցելություններից մեկը անկասկած դարձավ 2020թ․ իմ այցը Արցախ, անմիջապես 44օրյա պատերազմից հետո։ Այն, ինչ ես տեսա այս ժամանակաշրջանում Արցախում ու Հայաստանում, շատ մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա, և ես դիմեցի Հայաստանի քաղաքացիության։ Այս քայլը ես հատկապես կարևորեցի այս ժամանակաշրջանում, երբ շատերը գնում էին Հայաստանից․ սա այն նվազագույն ավանդներից է, որ սփյուռքը կարող է ունենալ՝ դառնալով Հայաստանի քաղաքացի և չմնալով տուրիստ Հայաստանի համար։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ իմ առաջին և վերջին այցերի ընթացքում երկիրն էապես բարգավաճել է, նույն տենոլոգիական ոլորտն էական հաջողություններ է գրանցում, բազում նոր ձեռնարկումներ կան, սակայն մի բան, որ բացասական էր, դա մարդկանց տրամադրությունն ու տրամադրվածությունն էր, ինչը բնական է․․․


Րաֆֆի Հալաճյանն իր Փարիզի տանը

Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի



-Այսօր Հայաստանն անցնում է շատ դժվար շրջան, սակայն բոլորս հավատացած ենք, որ պետք է ուժեղանալ և անցնել զարգացման խրթին ճանապարհ։ Ի՞նչ խորհուրդով կկիսվեք մեզ հետ, հատկապես այն ոլորտում, որում Դուք մեծ հաջողություններ եք գրանցել։


-Զարգացումները Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում ոգեշնչող են, սակայն դրանք նույն գործողություններն են, ինչ անում են մյուսները։ Հայաստանի խնդիրն այն է, որ մենք թվաքանակով փոքր ենք և այն, որ մենք չենք ստեղծում նորարարություն, մենք կրկնում ենք, այն ինչ անում են մյուսները։ Ունենալով գիտական պոտենցիալ՝ հայերը պետք է կենտրոնանան նորարություն ստեղծելու և  ապագան տեսնելու ու այն ռեալիզացնելու ճանապարհի վրա։ Լինելով փոքր երկիր և կրկնելով այն, ինչ անում են մյուսները, մենք չենք կարող էապես տարբերվել և ստեղծել կարևոր առավելություն Հայաստանի համար։ Պետք է պարզապես մտածել, թե ինչ է լինելու նույն արհեստական բանականությունից և մեքենայական ուսուցումից հետո և աշխատել նորարարության համար։ Պետք է ազատել միտքը կարծրատիպերից և ընդօրինակումներից և մտածել ապագայի ու նրա զարգացումների մասին։


Զրուցեց Թամարա Հովհաննիսյանը

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page