top of page

Հայ կնոջ խղճի մարմնացումը

22.07.2024


…Գալյան թե´ իր անձով, թե´ իր արվեստով խղճի մարմնացում էր: Մենք նույն կուրսում ենք սովորել, նա մեր քույրն էր 50 և ավելի տարի: Այո, նա իր արվեստով բերում էր խղճի գաղափարը, հայ կնոջ խղճի գաղափարը: Նա ներքին տարերքի դերասանուհի էր: Ամեն մարդ անկրկնելի է, անփոխարինելի, առավել ևս դերասանը կամ դերասանուհին, որ բոլորին է պատկանում:


Հենրիկ Հովհաննիսյան



ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ

01.07.1937 – 22.07.2012

ՀՀ ժողովրդական արտիստուհի


Միջնադարյան մեր մեծ բանաստեղծն ասել է` սիրո գինը սերն է: Սեր` երկրի հանդեպ, սեր` մարդու, արվեստի հանդեպ: Նա սեր էր փոխանցում իր սրտի ամբողջ ուժով: Ժողովուրդը զգում էր դա և պատասխանում նույն կերպ:


Գալյա Նովենցը երկար տարիներ մեր կինոյում էր, մեր կողքին: Իր հողի իմաստությունն ու զորությունն է, երբ տեսնում ենք նրան իր էկրանային փայլատակումներով, իր հողի քնքշանքն ու խստությունն է, իր հողի երազանքն ու համբերությունը, իր հողի շռայլությունն ու տագնապը, բարությունը, համառությունը, արժանապատվությունը: Եվ այս ամենը` մեկ դերասանի մեջ:


Կինոն դարձրեց նրան հայ մարդու ընտանիքի անդամը: Այդպես ենք մենք սիրում իսկական արտիստին` նրան դարձնելով մեր ընտանիքի անդամը, մեր կյանքի մի մասը, որովհետև արտիստն իր տաղանդով լուսավորում է մեր կյանքը: Իսկ արտիստական տաղանդի ակունքները նախ և առաջ մարդկային տաղանդի մեջ են:


Մեր ամենամեծ ազգային համաձայնությունը մեր մշակույթն է, մեր արվեստը: Որքան էլ յուրաքանչյուրս տարբեր լինենք խառնվածքով ու նախասիրություններով, բոլորս սիրում ենք մեր երգերը, մեր կինոյի այն նմուշները, որոնք մեր հոգու հետ են խոսել մաքուր, անկեղծ արվեստով:


Սիրանուշը Գալյա Նովենցի ստեղծագործության բարձրակետն է: Բայց նա մտել էր կինո «Բարև, ես եմ» ֆիլմով: Ընդամենը 7-8 րոպե ենք տեսնում նրան այդ ֆիլմում, բայց այդտե՞ղ բացահայտվեց Գալյա Նովենցը: Նա կյանքի բնական շարունակությունն էր և խաղում էր առանց խաղալու:


Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյան, Ալբերտ Մկրտչյան. բոլորը ձտգում էին նրան նկարել: Նրա ստեղծագործական սխրանքն այն էր, որ փառքը կրում էր զարմանալի խոնարհությամբ:


«Մեր մանկության տանգոյում» Սիրանուշն ասում է. «Տեսնես կեղնի՞ մե օրըմ, որ ես երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ»: Հիմա ինքը վերևից կնայի այս աշխարհին, որն ուզում էր իր գեղեցկությամբ, տաղանդով մի քիչ շտկել և ուղղել:


Դավիթ Մուրադյան

コメント


32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page