10.01.2024
Վալերի Գործունյանն իր փարիզյան տանը՝ շրջապատված երևանյան «Փարիզյան սուրճ»-ի պատկերներով
Լուսանկարը՝ Yerevan Online Mag.-ի
Այսօր հանդիպում ենք մի մարդու, ում կյանքը սիրո, նվիրվածության, համարձակության, հայրենասիրության և դժվարությունները հաղթահարելու անվերջ վճռականության պատմություն է: Վալերի (Աշխեն) Գործունյան՝ անուն, որը դարձել է Հայաստանում սուրճի նոր մշակույթի խորհրդանիշը։ Նրա ճանապարհը սկսվել է դեռևս 2000-ականներին, երբ իր կյանքը Ֆրանսիայից տեղափոխեց Հայաստան՝ բերելով ոչ միայն հսկայական սուրճի մեքենաներ, այլև նոր համեր և ավանդույթներ ներմուծելով մեր՝ դեռևս խորհրդային ավերակների վրա ճգնող երկիր:
Փարիզյան սուրճի սրընթաց առաջխաղացումը Հայաստանում
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Հոր՝ որպես Աֆրիկայի լավագույն սուրճի տեսակների ուսումնասիրողի ժառանգությունը ոգեշնչեց Վալերիին Հայաստանում այս ըմպելիքի նոր մշակույթ ստեղծել: Նա ճանապարհ հարթեց հայ անփորձ գուրմանների համար՝ բացելով նրանց առջև իսկական սուրճի աշխարհը։
Բայց Վալերիի կյանքը միայն բիզնեսի հաջողության պատմություն չէ: Նրա անձնական ճակատագիրը փորձության ենթարկվեց մի շարք դժվար հանգրվաններում, որոնք ուղեկցվեցին մեծ կորուստներով, դավաճանությամբ և ժառանգության համար պայքարի անողոք հետապնդումներով:
Սա Վալերի Գործունյանի պատմությունն է՝ մի մարդու պատմություն, ով անշեղորեն առաջ է գնում նույնիսկ ամենամութ ժամանակներում՝ լույս ու նոր հնարավորություններ բերելով շրջապատողներին։
Վալերի Գործունյանն այսօր Yerevan Online Mag.-ի «Արաքսից Սեն. ֆրանսիահայեր» շարքի հերոսն է, ում հետ ծավալված հետաքրքրաշարժ հարցազրույցը սիրով ներկայացնում ենք մեր լսարանի ուշադրությանը:
Մանկահասակ Վալերի Գործունյանը (ձախից երկրորդը) Կամերոնում տեղացի երեխաների հետ։
Լուսանկարը՝ անձնական արխիվ
-Ինչպե՞ս եք տեսնում այսօր Հայաստանի վերածննդի ճանապարհը։ Լինելով թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի մաս՝ ի՞նչ երկուստեք խնդիրներ եք հանդիպում և ո՞րտեղ եք տեսնում այն լուծումը, այն ուղին, որով մենք կկարողանանք վերականագնել Հայաստան-Սփյուռք երկխոսության անջրպետը և կրկին կառուցել ուժեղ Հայաստան։
-Նախ նշեմ, որ ես խիստ անհանգստացած եմ Հայաստանում տիրող իրավիճակով, ես ապրում եմ Հայաստանով, և իմ կյանքի ամեն վայրկյան կապված է հայրենիքիս հետ։ Ինձ համար մեծագույն վիշտ է այն գիտակցումը, որ մենք կորցրեցինք Արցախը, և ես չեմ կարողանում պատկերացնել այս իրականությունը, մտածել, որ ես ու երեխաներս չենք կարող այլևս այցելել Արցախ, դա իմ պատկերացումից վեր է, ես հրաժարվում եմ հավատալ այդ իրականությանը։ Վախենում եմ պատկերացնել, թե Մոնթեն, Մայքլը, Վազգենը և հայ հերոսներից շատերի հետ ինչ կկատարվեր, եթե նրանք տեսնեին այս կորուստը։ Շատ եմ մտածում այն մասին, թե ինչու չկան հենց այն մարդիկ, այն հերոսները, ովքեր չէին թողնի այս ողբերգությունը տեղի ունենար։ Մոնթեն, ով երազում էր Ղարս ու Արդահան վերադարձնել և հայ դատը հասցնել իր նպատակակետին, չէր հաշտվի այս իրականության հետ, և գուցե հենց այդ պատճառով է, որ նա չկա։
Վերադառնալով Հայաստան-Սփյուռք կապին՝ ես ցավով պիտի նշեմ, որ, այո, այն թուլացել է, մենք համախմբվում ենք միայն մեծ խնդիրների դեպքում և հաճախ մոռանում ենք մեր կարևոր նշանակությունը՝ լեզուն, կրոնը, մշակույթը պահպանելու համար, ինչն իր հերթին կարևոր է երկարաժամկետ պայքարի տեսանկյունից։ Իհարկե, Հայաստանում արձակուրդ կազմակերպելը լավ է տնտեսության համար, բայց մենք շատ մեծ խնդիր ունենք՝ ուժեղացնելու Հայաստանը և նրա դիրքը միջազգային հարթակներում։ Մենք կարող ենք ավելի զորավոր լինել, ավելի լսելի դարձնենք մեր ձայնը, եթե միայն այդ համախմբվածությունը դրսևորենք ամեն օր։ Ամեն դեպքում, ես հավատացած եմ, որ Ֆրանսիա տեղափոխված նոր հայ սերունդը, ով ունի լավ ուսում ու ուժեղ ամբիցիաներ, ավելի մեծ եռանդով կվերսկսի պայքարը։ Մեծ է նաև այս կապի վերազինման հարցում հենց Հայաստանի դերը․ ես հիշում եմ մեր պատերազմի ժամանակ կազմակերպված հավաքներից դեռ, որ երբ դրանք կոորդինացվում էին Հայաստանից, մարդկանց հոսքը անգամներ ավելի շատ էր լինում։ Սա, թերևս, ևս մեկ ապացույց է այն հանգամանքի, որ Հայաստանը կենտրոնն է Սփյուռքի, և հենց այստեղից պետք է կոորդինացվի ամբողջ Սփյուռքի աշխատանքը։
Լուսանկարը՝ անձնական արխիվ
-Վալերի, մենք նաև լսել ենք Ձեր, Ձեր նախկին ամուսնու՝ Մայքլի և Մոնթեի մտերմիկ հարաբերությունների մասին։ Որքանով տեղյակ ենք, դուք պատերազմական տարիներին մեծ օգնություն եք ցուցաբերել հայ բանակին՝ զինվորական իրեր փոխանցելով դեպի Հայաստան:
-Իմ երկրորդ ամուսնու՝ Մայքլի հետ, ով մեծ հայրենասեր էր և հայ գաղտնի բանակի անդամ, մենք յուրաքանչյուր հինգշաբթի ինքնաթիռով կազմակերպում էինք զինվորական հագուստի և բանակի կարիքները հոգալու համար անհրաժեշտ այլ իրերի տեղափոխում։ Այն ժամանակ Սփյուռքից մեծ օգնություն էր ուղղարկվում հայ բանակին, յուրաքանչյուրն օգնում էր մի ջոկատի․ մենք հիմնականում օգնում էինք Մոնթեի ջոկատին։ Մոնթեն մեծ հայ էր, նա իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին․ մենք մեծագույն ոգևորություն էինք ապրում հայ գաղտնի բանակի գործունեության մասին լուրերից։ Այն որ Մոնթեն Բեյրությում հայ տղաներին պատրաստում էր պայքարի և երազում վերադարձնել մեր պատմական հողերը, անչափ մեծ խանդավառությամբ էր լցնում իմ սիրտը։
Հանդիպում Մոնթեի հետ
Կոլաժը՝ անձնական արխիվ
Ես հիշում եմ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանից ստացանք այն լուրը, որ Մոնթեն մահացել է, չէինք կարողանում հավատալ, որ դա հնարավոր է։ Պետք էր տեսնել, թե ինչքան սիրված էր նա, ինչքան մարդ էր հավաքվել նրան հրաժեշտ տալու։ Եթե անկեղծ մինչև հիմա մտքեր ունեմ, որ գուցե այդ ամենը կազմակերպված էր՝ նրա մեծ նպատակները չիրագործելու համար։ Պատմական հայրենիքը հետ բերելու նրա անկոտրում նկրտումը, նրա չափից դուրս նվիրումը հայրենիքին ու բացարձակ անշահախնդրությունը գուցե նրան վտանգավոր էին դարձնում որոշ մարդկանց շրջանակների համար։ Ես չգիտեմ, ինձ համար շատ ափսոսալի է․․․ այսօրվա իրականությունը չէր լինի, եթե լիներ նա ու նրա հերոս ընկերները։ Նրանց սպանելով՝ սպանեցին Հայաստանը։
-Որքան տեղյակ ենք, Դուք մեծացել եք Ֆրանսիայում, ինչպե՞ս է այսքան հայրենասիրություն ծագել ու պահպանվել Ձեր մեջ․ Ձեր տան ամեն անկյուն Հայաստանի մասին է։
-Իմ ծնողները ու տատիկս շատ մեծ դեր են ունեցել իմ ՝որպես հայի ձևավորման, կայացման գործում։ Մայրս (դաշնակահարուհի, Եգիպտոսի հայերից) և հայրս (Վանից եկող արմատներով)որոշեցին լքել կոմունիստական Հայաստանը և գաղթել Մարսել։ Հայրս շատ մեծ հայրենասեր էր, խիստ էր, կատակասեր, բայց մեծ սկզբունքների տեր մարդ էր․ նա իմ առջև պայման էր դրել՝ ամուսնանալ միայն հայ տղամարդու հետ, և ես այդպես էլ արեցի (ծիծաղում է;-խմբ․): Չնայած իր խիստ հայացքներին՝ հայրս ինձ համար իդեալ էր, օրինակելի մարդ, պաշտամունքի սուբյեկտ, ում ես անսահաման շատ եմ սիրել։
Հիշողություն մանկությունից․ մանկահասակ Վալերի Գործունյանը հոր հետ
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Մեր տանը մենք խոսում էինք միայն հայերեն, մենք սովորում էինք կրոն, հայկական մշակույթ։ Տատիկս մի շատ հետաքրքիր մեթոդ էր մշակել․ մեզ՝ երեխաներիս մեջ հետաքրքրություն առաջացնելու համար՝ նա պատմությունների միջոցով էր մեզ ծանոթացնում Հայաստանի պատմությանը, մշակույթին ու կրոնին։
Հայրս Աֆրիկայում կոֆեի բիզնեսի ստեղծման համար մեծ պոտենցիալ տեսավ, և մենք տեղափոխվեցինք Կամերուն։ Այնուամենայնիվ, որակյալ կրթություն ստանալու նպատակով մայրս պնդեց ետ վերադառնալ Ֆրանսիա, և հայրս այդպես էլ տարիներ շարունակ ապրեց Աֆրիկայի և Ֆրանսիայի միջև։
-Ձեր հայ լինելը չէր խանգարում Ձեր պատանեկան, մոդեռն կյանքին Ֆրանսիայում։ Դուք Ձեզ տարբերվող չէիք զգում։
-Ես տարբերվող էի, և դա հրաշալի էր, պարզապես հրաշալի։ Ես բոլորից առավել էի, ես և՛ հայ էի, և՛ ֆրանսիացի, ես երկու մշակույթ էի կրում։ Ինձ համար հայ լինելը մեծագույն պատիվ է, և ես դա ուրախությամբ ու հպարտությամբ եմ նշում։
-Ձեր կյանքը միահյուսված էր երեք ամուսինների հետ հարաբերություններով, որոնցից յուրաքանչյուրն իր հետքը թողեցին Ձեր անձնական ու նաև գործնական կյանքի պատմության վրա:
-Առաջին ամուսնությունը Արա Բաբաջանյանի հետ էր, ով լեգենդար Առնո Բաբաջանյանի որդին է։ Ես հպարտանում էի Առնոյով և ինչ որ չափ ցավում Արայի համար, որովհետև նման տաղանդավոր հոր կողքին նա մշտապես ստվերում էր։
Վալերի Գործունյանի երկրորդ ամուսնությունը
Լուսանկարը՝ անձնական արխիվ
Ամուսնանով նրա հետ՝ ես հույս ունեի Հայաստանում հաստատվել, բայց ինձ տարան Մոսկվա։ Ողբերգությունը խավարեց իմ երջանկությունը, և երեխայի կորուստի մասին ինձ ստելը բաժանության պատճառ դարձավ:
Երկրորդ ամուսնությունն 90-ականներին ինձ բերեց Մայքլի՝ մեծ հայրենասերի մոտ, ով պատերազմի ժամանակ դարձավ իմ կյանքի անբաժանելի մասը, երբ միասին օգնություն էինք ցուցաբերում այն ժամանակ այնքան կարևոր, բայց այսօր հեշտությամբ կորսված ու մոռացվող Արցախին։ Մայքլը, ամեն դեպքում, շատ ծանր բնավորություն ուներ, ու չնայած իմ մեծ հիացմունքին նրա հանդեպ՝ ես որոշում կայացրեցի հեռանալ նրանից մեր երկու զավակների հետ միասին։
Երրորդ ամուսնությունը հիասթափություն և կորուստ բերեց իմ կյանք։ Ես պետք է անկեղծ լինեմ․ Վազգենն ինձ շատ է օգնել «Փարիզյան սուրճ» սրճարանը ստեղծելիս, սակայն ամբողջ գումարը, սրճաղացները, մշակույթը, այդ ամենը ես եմ ներդրել այս բիզնեսի մեջ։ Չեք պատկերացնի, թե ինչ խանդավառությամբ էի պատվում, երբ պատվերները չէինք հասցնում, և ես նոր քանակ էի օդանավով պատվիրում Ֆրանսիայից Հայաստան։ Քաղցկեղի դեմ պայքարի նպատակով ես վերադարձա Փարիզ՝ նրան թողնելով գույքն ու բիզնեսը կառավարելու իրավունքը։ Արդյունքում, ես դավաճանվեցի և՛ որպես կին, և՛ որպես ընկեր ու գործընկեր։ Ես ամեն դեպքում փորձեցի պայքարել, նշեմ, որ այդ պայքարը շատ անհավասար էր, սակայն ես կարողացա գոնե մասամբ վերականգնել իմ ունեցվածքը։
Վալերի Գործունյանն իր երկու որդիների հետ
Լուսանկարը՝ անձնական արխիվ
-Իսկ սիրե՞ց Վալերի Գործունյանը։
-Ես սիրեցի, իհարկե սերը իմ երկրորդ ամուսնու նկատմամբ այլ կերպ էր արտահայտված՝ միաձուլված էր հիացմունքի հետ, սակայն կարծում էր սեր էր։ Ես շատ մեծ սեր ունեմ դեպի հայրս, դեպի հայրենիքս, դեպի երեխաներս և թոռնիկներս։ Այս սերը մեծ է, կասկածի տակ երբեք չեմ դրել, ինձ համար հիմա մեծագույն երջանկություն են դարձել թոռնիկներս։
-Կա՞ ափսոսանքի զգացում։
-Բացարձակ, ես ազատ եմ, այո, ես գործել եմ սխալներ, բայց հենց այսպիսին եմ ես։ Ուրախ եմ նույնիսկ այդ սխալների համար։ Ես ոչնչի համար չեմ ափսոսում, ես ունեցել եմ գունեղ ու լիարժեք կյանք, միշտ զգացել եմ սեր ու խանդավառություն, իմ հոգին ու սիրտը միշտ լի են եղել։
Այսօր Վալերի Գործունյանն ապրում է Փարիզում՝ շրջապատված իր սիրելի որդիներով և թոռնիկներով՝ նոր կյանք կառուցելով իր համար կարևոր մարդկանց կողքին։ Նրա պատմությունը համարձակության, նվիրումի և կյանքի մարտահրավերների հաղթահարման պատմություն է, որը խորը ոգեշնչման և հարգանքի հետք է թողնում:
Զրուցեց Yerevan Online Magazine-ի
Փարիզում հատուկ թղթակից
Թամարա Հովհաննիսյանը
Արաքսից Սեն. ֆրանսիահայեր շարքի մյուս հարցազրույցները.