top of page

30 տարի առաջ այս օրերին ՀՀՇ-ականները չէին ցանկանում հուղարկավորել Համո Սահյանին Կոմիտասի պանթեոնում

Սահյանն իր բանաստեղծություններում քննադատել էր իրենց


Հիշում է ասմունքող Սիլվա Յուզբաշյանը



17.07.2023



1993թ. հուլիս 16-ին Համո Սահյանը հոգեվարքի մեջ էր: Բժիշկներն ասում էին, որ ժամերը հաշված են, դժվար լուսացնի: Հեռախոսով խոսեցի Վահագն Դավթյանի հետ. տխուր էր, ձայնը անճանաչելի, ասաց.

- Համոն գնում է, բայց աչքը դռանն է, իմացել է, որ Արայիկը՝ կրտսեր որդին, Ամերիկայից վերադառնում է, ուր որ է ինքնաթիռը վայրէջք կկատարի, ավագ տղան` Նաիրին, կողքին է, առանց Արայիկին հրաժեշտ տալու Համոն չի գնա…

Իսկապես, գիշերը իմացա, որ Համո Սահյանը երկու որդիների ներկայությամբ ընդմիշտ հրաժեշտ էր տվել երկրային կյանքին:

Հաջորդ օրը Վահագն Դավթյանին լուր էր հասել, թե վերեւներում տարաձայնություն կա, որ Համո Սահյանի աճյունը ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: Դավթյանը, որ Գրողների միության նախագահն էր, տնից բարկացած դուրս էր եկել, գնացել իր աշխատավայրը: Աշխատանքային օր չէր, կարծեմ՝ շաբաթ էր:


Ինքս էլ շտապեցի Գրողների միություն: Հավաքվել էին բանաստեղծի ամենամտերիմները: Դավթյանը կառավարական հեռախոսով փորձում էր զանգել հանրապետության նախագահին, բայց ապարդյուն, զանգերին համառորեն պատասխանող չկար: Բարկությունից դեմքը այլայլված էր, ամբողջ մարմնով դողում էր, ելքը գտավ, զանգեց պրոֆեսոր Գրիգոր Ավագյանին, նրա աղջկա ամուսինը Գերագույն խորհրդի նախագահն էր, ասաց.

- Եթե Համո Սահյանի մարմինը Կոմիտասի անվան պանթեոնում չամփոփվի, իմացեք, հիմա գրողների վարչության նիստ կհրավիրեմ եւ Համոյին կտանենք Սիսիան, իր ծննդավայրը, ոչ մի քաղաքային պանթեոն (արդեն քաղաքային պանթեոնում հուղարկավորելու որոշումը կար թերթերից մեկում): Երկու ժամ եմ տալիս, ասա՛ ձերոնց, Գրիգոր…

Բոլորս հասկանում էինք.․․ Համո Սահյանը հիասթափության պահեր էր ունեցել եւ մի շարք բանաստեղծական վկայություններ էր թողել, հենց թեկուզ այս տողերը.

«Փոխվել են տեղերն ու դերերը, Բայց նույնն է երախը վիշապի, Սրա՞նք են այս երկրի տերերը, Աղոթեմ, որ մահս շտապի»:


1993թ.

Բնական է, որ այս տողերը մարսելը հաճո չէր վերեւների քիմքին, եւ դյուրին չէր նաև Վահագն Դավթյանի գլխավորությամբ գրողների պահանջը չկատարելը… Ուղիղ երկու ժամ հետո Վանո Սիրադեղյանը իր ոտքով գնացել է է Գրողների միություն եւ հայտնել, որ նախագահը վերջապես թույլատրել է, որ Համո Սահյանի աճյունը տեղ գտնի Կոմիտասի անվան պանթեոնում…


Թաղման Կառավարական հանձնաժողովը երկուշաբթի օրը իսկապես փոխեց որոշումը․․․

Թաղումից հետո կառավարական հանձնաժողովը հոգեհացի գնաց, նրանց չմիացավ Գրողների միության նախագահ Վահագն Դավթյանը: Երբ սգո թափորը ցրվեց, ինքը կանգնած մնաց ընկերոջ թարմ շիրմաթմբի մոտ եւ լաց եղավ: Նրան թողել էինք մենակ, մեր խմբով հեռվից էինք հետեւում:

Մեկ ամիս Դավթյանին չտեսանք, աշխատանքի չգնաց․ փակվեց տանը…

Սիլվա Յուզբաշյան

32-ամյա Լուսինե Զաքարյանի բացառիկ տեսագրությունը, 1969 թ.

bottom of page