21.11.2023
Ուղիղ 25 տարի առաջ այս օրը իր տան շքամուտքում ատրճանակ-գնդացիրներից երկու քիլլերների կողմից գնդակահարվեց Հայաստանից ԽՍՀՄ պատգամավոր ընտրված, ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայկական շահերի անխոնջ պաշտպան, Արցախի` Հայաստանի կազմ մտնելու կողմնակից ու ժամանակի ամենաառաջադեմ, հակակոմունիստ և արևմտամետ Գալինա Ստարովոյտովան:
Ձերբակալված երեք անձանցից մեկը ռուսական հետախուզության` ГРУ-ի (իբր նախկին) հատուկ գործակալ էր:
Ստարովոյտովայի սպանությունն ու դրա մոտիվները, չնայած ձերբակակություններին, մնացին չբացահայտված:
Ստարովոյտովայի սպանությունից ամիսներ անց Ռուսաստանում ողջ իշխանությունը ստանձնելու էր սպանության պահին հետախուզության ղեկավար Վլադիմիր Պուտինը: Ստարովոյտովայի սպանությունից 11 ամիս անց Հայաստանի խորհրդարանում սպանվելու էին Հայաստանի ղեկավարները, որոնք սկսել էին հասկանալ, որ Մոսկվան Հայկական Հարցի հայաստանակործան ուղի է նախատեսել ու պարտադրում Հայաստանին և ընդդիմանում էին դրան:
Ես բախտ եմ ունեցել հանդիպել Ստարովոյտովային, լսել նրան: Երեխա էի` անգամ ոչ պատանի: Մեր դպրոց էր եկել` հավանաբար իր քարոզարշավի համար` հանդիպելու մեր թաղամասի բնակիչներին: Դեռևս այդ տարիքից հետաքրքրված լինելով քաղաքականությամբ` ես մնացի դահլիճում ու հանդիպումը լսեցի մինչև վերջ:
Ու թեև Հայաստանում երբևէ չէր ապրել և հայի արյուն բոլորովին չուներ` սիրում էր հայերին ու ընտրվեց 75% ձայներով:
25 տարի է անցել Գալինա Ստարովոյտովայի սպանությունից, բայց Հայաստանում Հայաստանի եզակի ռուս բարեկամներից ամենակարևորներից մեկին երախտագետ հայ ժողովուրդը ոչ մի հուշարձան չի կանգնեցրել, ոչ մի փողոց չի անվանակոչել: Նոր սերնդից գրեթե ոչ ոք` ոչ ոք Ստարովոյտովայի անունը չգիտի այսօր:
Փոխարենը հայ ժողովուրդը Արցախը, ի հակադրություն Ստարովոյտովայի համոզման` հանձնել է նվաճող եկվորներին ու այն ճանաչել Ադրբեջանի օրինական մաս:
Հայաստանում հսկայական թիվ են կազմում Պուտինի զորքերը, իսկ պուտինյան շահերի գործակալները նստած են իշխանությունում և վխտում են եթերում և ամենուր:
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ